Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «ГОРДОН» հրատարակության հիմնադիր Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես Վրաստանում փորձել է ամուսնացնել ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Բորիս Բերեզովսկուն։
«Նստած խմում էինք Բերեզովսկու հետ, երբ գիշերը ժամը 2-ին ասաց, որ ուզում է ամուսնանալ սիրած աղջկա հետ։ Ասաց՝ գնացե՛ք, խոսեք եպիսկոպոսի հետ։ Ես էլ արագ համաձայնեցի»,- պատմել է Սաակաշվիլին և հավելել, որ գիշերվա ժամը 3-ին գնացել են Դիմիտրի անունով մի եպիսկոպոսի տուն: «Եպիսկոպոսը բացեց դուռը և տեսավ, որ ինքը՝ սատանան` Բերեզովսկին է կանգնած իր դռան շեմին․․․․ Սակայն վերջին պահին հարսնացուն փախավ»։