ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ահազանգ ենք ստացել, որ «Լիդիան»-ի պահնորդական ծառայությունը տեխնիկայով պատրաստվում է գնալ և հանել Ամուլսարի պահապանների կացարանները». ՀԲՃ
20:30, 11.07.2020 | mamul.am
4009 | 0

Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է. «Հենց նոր ահազանգ ենք ստացել Ամուլսարից, որ «Լիդիան»-ի վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները համապատասխան ծանր տեխնիկայով պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետեր գնալ, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահապանների կացարանները: ՀՀ ոստիկանություն, սա նաև ձեր ու նախկինում տեղի ունեցած դատական գործընթացների դեմ է։
Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ Լիդիանը իր նոր տերերով հանդերձ պրովոկացիաներ է հրահրում։ Դեռևս մի քանի ամիս առաջ մեր ուղարկած հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունը հաստատել էր, որ արված չափագրումների համապատասխան Ամուլսարի պահապանների կացարանները Լիդիանի տարածքից դուրս են գտնվում. սա ամրագրված է նաև ՀՀ Ոստիկանության և «Լիդիան»-ի միջև դատական գործընթացի փաստաթղթերում, և նույնիսկ Կանադական դատարանում «Լիդիան»ի հետ կապված վարույթի փաստաթղթերում: Ահա Ոստիկանության պաշտոնական նամակի հղումը:

Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան՝ բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան):

Ամուլսարի պահապանների կացարաններն արդեն իսկ գտնվում են հենց մայրուղու ճամփեզրին: Դրանք ոչ մի մետր չեն կարող տեղափոխվել: Դիմադրությունն իմաստ ունի հե՛նց այդ վայրում, իսկ մասնավոր ընկերությունը չի կարող հավակնել տիրանալ անգամ մայրուղիների բուֆերային հատվածներին:

Տեղյակ կպահենք զարգացումների մասին, մինչ այդ պատրաստ լինենք մեր աջակցությունը ցուցաբերել Ջերմուկին, Գնդեվազին ու Ամուլսարին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր