ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը․ ՀՀ ԱԳՆ
18:30, 13.07.2020 | mamul.am
4217 | 0

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն:

Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը:

Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը:

Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր