ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել
20:05, 13.07.2020 | mamul.am
6252 | 0

Առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը, որն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից. հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2020թ. հրամանով Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից իր անձնական դիմումի հիման վրա ազատված Արմեն Հարությունյանին՝ համակարգում ունեցած ներդրման, կատարած բարեխիղճ, արդյունավետ մեծ ծավալի աշխատանքի համար: Գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ նա այլ կարգավիճակով կշարունակի իր հարուստ փորձը, գիտելիքներն ու կազմակերպչական ունակությունները ծառայեցնել դատախազական համակարգին և իր նպաստը բերել երկրում օրինականության և իրավակարգի ամրապնդման հայրենանվեր գործին:

Արմեն Ալբերտի Աֆանդյանը ծնվել է 1976թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքում:

1997թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը:

1997 - 1998թ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում:

2000-2007թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության համակարգում, սկզբում` Էրեբունու քննչական բաժնում որպես քննիչ, այնուհետև Կենտրոնի քննչական բաժնում որպես ավագ քննիչ:

2007թ.-ից ՀՀ դատախազության համակարգում է՝ նախ որպես Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության քննիչ, ապա նույն դատախազության դատախազ, այնուհետև դատախազության ավագ դատախազ:

2008-2012թ. զբաղեցրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնը:

2012թ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, իսկ 2013թ. նշանակվել է նախ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ, ապա՝ Սյունիքի մարզի դատախազ:

2016-2019թթ եղել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը:

2019թ․սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:

1999-2001թթ. դասավանդել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում:

Ըմբշամարտի ԽՍՀՄ համամիութենական մրցաշարի և Հայաստանի Հանրապետության առաջնության հաղթող է:

Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր