ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ. հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Նախարար Մնացականյանը ներկայացրել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության սրման և լարվածության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը, այդ թվում՝ ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը։ ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ՀՀ արտգործնախարարը դատապարտել է Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: |