ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանի նախագահը որոշել է ոչնչացնել ընդդիմությանը. #TheWashingtonPost
15:00, 30.07.2020 | mamul.am
8454 | 0

The Washington Post պարբերականն իր խմբագրականում կոշտ քննադատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած ներքին քաղաքականությունը, որն իրականացվում է ընդդիմությանը ճնշելով։ «Ադրբեջանի նախագահը երբեք չի սիրել անկախ լրագրողներին կամ այլախոհներին: Փետրվարյան խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից ճանաչվել են որպես «զուրկ՝ իրական քաղաքական պայքարից»: Այժմ՝ կորոնավիրուսի համավարակի, նավթի գների անկման և գլխավոր հակառակորդ Հայաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին, պարոն Ալիևը թշնամիների «հինգերորդ շարասյուն» է գտել` քաղաքական ընդդիմությանը, որի ներկայացուցիչներին սկսել է բանտեր ուղարկել: Ալիևի ջղաձգումներն սպառնում են վերացնել այն ամենը, ինչ մնացել է Ադրբեջանում որպես անկախ քաղաքական ուժ»,- գրում է թերթը: Մարտին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ, դիմելով ժողովրդին՝ Ալիևը հայտարարեց, որ մեղավորի դերում հանդես է գալիս երկրի ընդդիմությունը։

Նա խոստացավ պատժել «կեղտոտ, կոռումպացված ղեկավարներին, վախկոտներին և դասալիքներին», որոնք «ավելի վատն են, քան հայերը»: Դրանից հետո անվտանգության ուժերը սկսեցին ձերբակալել ընդդիմադիր կուսակցությունների անդամներին:

Ըստ տարբեր աղբյուրների՝ այդ օրերին ձերբակալվել է մոտ 120 մարդ, այդ թվում՝ կուսակցության առաջնորդներ և ակտիվիստներ:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ արեց Ադրբեջանին չօգտագործել համաճարակը՝ քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը ճնշելու համար: Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանեց, թե «այս իրավիճակում մենք չենք կարող հասկանալ՝ ի՞նչն է անհանգստացնում ԱՄՆ պետդեպին և ինչո՞ւ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր