ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար․ «Ժողովուրդ»
09:00, 04.08.2020 | mamul.am
3297 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը: Նախագծերի այս փաթեթով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, ընդ որում՝ նրանցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: Սակայն փաթեթում տեղ գտած փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, և նախագծերի ընդունման պարագայում բարեվարքություն կանցնեն նաև դատախազների թեկնածուները:

Այսպիսով, նախագծերի փաթեթով սահմանվել են Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ, մասնավորապես՝ հաշվի են առնվելու ստացած կարգապահական տույժերը: Միևնույն ժամանակ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ: Ինչպես արդեն նշեցինք, բարեվարքության ուսումնասիրություն օրենքի ընդունումից հետո կանցնեն ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդները, այլև Վերաքննիչ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձինք և դատախազների թեկնածուները: Նկատենք, որ այս դատարանի ստեղծումը նախատեսված է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով: Ավելին՝ նախագծի հետ մեկտեղ նախարարությունը ներկայացրել է նաև այն ծախսերը, որոնք նախատեսված են լինելու: Այսպիսով, 2021-2023 թվականների համար աշխատավարձի, կոմունալ և գրասենյակային ծախսերը միասին կկազմեն 3 մլրդ 339 մլն 529 հազար դրամ, դատավորների տեխնիկական հագեցվածության համար՝ 198 մլն դրամ, տրանսպորտային հագեցվածության համար՝ 321 մլն դրամ, իսկ շենքային պայմանների համար՝ 2 մլրդ 800 մլն դրամ: Սա, իհարկե, նախնական հաշվարկներն են: Հավելենք, որ հանրային քննարկման ավարտի համար ժամկետ է նախատեսված օգոստոսի 15-ը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր