ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայկ Մարությանի պարզաբանումը՝ Մաշտոցի պուրակում տեղի ունեցող կառուցապատման վերաբերյալ
12:55, 04.08.2020 | mamul.am
3902 | 0

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզաբանում ներկայացնելով Մաշտոցի պուրակի ծառահատման և կառուցապատման վերաբերյալ, հայտարարեց, որ բոլորը, այդ թվում ինքը, պայքարել է Մաշտոցի պուրակի համար։
«Դուք շատ լավ գիտեք՝ այն տաղավարները, որ պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ ուղղակի չթողեցինք, որ պարոն Մարգարյանը թույլ տա՝ էդ ամեն ինչը կառուցվի, և ունեցանք Մաշտոցի պուրակը։ Բայց կա մի սրճարան, որ այնտեղ միշտ կար և ուներ կադաստրով գրանցված 277 քմ և 17 քմ սեփականության իրավունք։ Դա իր սեփականությունն է ընդմիշտ, և մենք ոչ մի բան չենք կարող անել դրա հետ»,- ասաց Հայկ Մարությանը՝ նշելով, որ նմանատիպ խնդիր կա նաև Օպերայի հարակից տարածքում։

«Բացի դրանից, 2018 թվականի մայիս 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով մինչև այդ մոտ 386քմ վարձակալությունը դառնում է 1048 քմ, և այդ վարձակալությունը մինչև 2040 թվականի դեկտեմբերը ֆիքսում է իր այդ 277 քմ սեփականությունը, 17քմ սեփականությունը՝ որպես սեփական գույք»,- հայտնեց քաղաքապետը։

Նա նշեց, որ այդ որոշումն ինքը չեղյալ է համարել. «Ասեմ ավելին, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ 277 քմ և 17քմ սեփական գույքը, որն իրենն է, քանդում ենք, վերացնում ենք սեփականության իրավունքը և դրա տեղը տալիս ենք այդ նույն տարածքում կառուցապատման իրավունք՝ վարձակալության հիմունքով, ինչը նշանակում է, որ այն գույքը, որը հիմա կառուցվում է, համայնքային գույք է»,- ասաց Հայկ Մարությանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր