ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«1921-ին Հայաստանի հանդեպ հանցագործություն է կատարվել». Ռուբեն Շուխյան
04:10, 05.08.2020 | mamul.am
6514 | 1

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նախիջևանի հարցն այլևս մեր երկրի համար կարևորագույն խնդիր է դառնում, և այն պետք է լուծել առաջին հերթին պաշտոնապես իրավական գնահատական տալով 1921-ի Մոսկվայի ռուս-թուրքական հանցավոր պայմանագրին և օրենսդրորեն ընդունել 1918-21թթ. Հայաստանի Անկախ Հանրապետության իրավահաջորդությունը, որի ժամանակ Նախիջևանը միջազգայնորեն ճանաչված էր որպես Հայաստանի անբաժան մաս:

Նայեք քարտեզին՝ Նախիջևանի մարզը գտնվում է մեր երկրի հենց սրտում և մի ամբողջություն է կազմում Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի հետ միասին: 1921-ին Հայաստանի հանդեպ կատարվել է հանցագործություն, որի մասին հիմա անհրաժեշտ է և պարտադիր է բարձրաձայնել, այլապես վտանգված է արդեն իսկ Հայաստանի անկախ պետություն լինելը: Օրեր առաջ թուրքական օկուպացիոն զինուժի մուտքը Նախիջևան և ցուցադրական շքերթը Նախիջևան քաղաքում՝ խոսուն փաստ է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է՝ 1921-ի Մոսկվայի ապօրինի հակահայկական պայմանագիրը ռուսական կողմի հետ վերահաստատելու համար:

Այլևս ջայլամային քաղաքականությամբ հնարավոր չէ այս ամենը տանել դեպի անորոշության դաշտ. առկա են լրջագույն աշխարհաքաղաքական մարտահրավերներ, որոնց պետք է հրատապ արձագանքել, հնարավորինս կանխարգելել և մեր ազգային շահերին նպաստավոր լուծումներ տալ»:

«1921-ին Հայաստանի հանդեպ հանցագործություն է կատարվել». Ռուբեն Շուխյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր