ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վանաձորում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում». Արմեն Եղիազարյան
20:40, 05.08.2020 | mamul.am
4614 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ներկայացումը շարունակվում է...

Վերջին շրջանում Վանաձորում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Ֆալշ ստա՞րտ, թե՞ իշխանություններն արդեն անցել են թեժ քարոզարշավի։ Բանն այն է, որ 2021թ-ի աշնանը Վանաձորում պետք է տեղի ունենան ՏԻՄ հերթական ընտրություններ։ Իսկ թե ինչ էր տեղի ունեցել Վանաձորում 2016թ-ին, ինչպիսի խայտառակ պայմաններում Վանաձորն ունեցավ ՀՀԿ-ական քաղաքապետ, բոլորս շատ լավ հիշում ենք։ Բոլորս նաև լավ հիշում ենք, թե ինչպես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և Վանաձորի ավագանու ԼՀԿ խմբակցությունը դեռևս ՀՀԿ-ականների իշխանության օրոք պայքարեցին և ի վերջո Սահմանադրական դատարանը ԼՀԿ դիմումը վճռեց հօգուտ ԼՀԿ-ի, սակայն այն ժամանակվա նախկինները պարզապես աչք փակեցին ՍԴ որոշման վրա՝ փրկելով իրենց ՀՀԿ-ական քաղաքապետին։

2018-ի հեղափոխությունը մեծ հույսեր արթնացրեց ՀՀ քաղաքացիների մոտ, իսկ Վանաձորում բոլոր այդ հույսերին զուգահեռ սպասումներ ձևվորվեցին, որ, ի վերջո, ՍԴ-ի որոշումը օրենքի տառի համաձայն կիրագործվի, բայց, ավա՜ղ, հեղափոխական իշխանությունը նույնպես աչք փակեց այդ ապօրինությունների վրա՝ հավանաբար կարծելով՝ ինքը այդ պահին շահեկան դիրքում չէ Վանաձորում... Իսկ այդ ընթացքում Լոռու մարզպետի պաշտոնն ստանձնում է իմքայլական Անդրեյ Ղուկասյանը և տևական ժամանակ աշխատելով Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետի հետ՝ աշխատանքները բնութագրում է՝ իբրև աշխատում են օրենքի շրջանակներում, և ինքը նկատում է դրական փոփոխություններ քաղաքապետի աշխատանքի մեջ:

Այսօր արդեն ունենք այլ իրականություն. իշխանականները հավանաբար «հասունացրել» են իրենց թեկնածուին և նախապատրաստվում են ընտրություններին։ Զավեշտալին այն է, որ գլուխ են բարձրացրել մարդիկ, որոնք մինչ հեղափոխությունն ընդամենը 100-200 քվե էին ստանում...

Այժմ մի փոքր անդրադարձ Լոռու մարզպետի ֆեյսբուքյան գրառմանը։
Սույն թվականի օգոստոսի 3-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մի գրառում է անում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում է Վանաձորի Լազյան 45 շենքի բակի խաղահրապարակի հարցին՝ ասելով՝ 9-10 ամիս է այդ խնդիրը լուծում չի գտել։ Այս հարցով ես անձամբ բավականին երկար ժամանակ զբաղվել եմ և զբաղվում եմ։ Բանն այն է, որ 2019թ-ի հոկտեմբերին Լազյան 45 շենքի և 2 այլ շենքերի բնակիչներ այդ խնդրով դիմել են մարզպետին։ Չստանալով որևէ պատասխան՝ նույն բնակիչները գրավոր դիմել են նաև ինձ։ Իմ կողմից հարցը բարձրացվել է, և գրություններ են ուղարկվել Վանաձորի քաղաքապետին, Լոռու մարզպետին, ՏԿ նախարար Սուրեն Պապիկյանին, վարչապետին, ինչպես նաև ապօրինի գործողությունների համար հաղորդում է ներկայացվել ոստիկանությանը։ Վանաձորի քաղաքապետարանի հետ քննարկել եմ նաև այդ տարածքի՝ գերակա շահ ճանաչելու հարցը։ Զավեշտալին այն էր, որ Լոռու մարզպետն այդքան ժամանակ լուռ էր, իսկ պատճառը, հավանաբար, այն էր, որ հենց այդ տարածքի ապօրինի գործողություններ իրականացնող անձը Լոռու մարզպետի մտերիմ և ընկերական շրջապատից էր, որի հետ կան բազմաթիվ նկարներ համատեղ կերուխումերի ժամանակ, որոնք, ի դեպ, թե՛ մարզպետի և թե՛ մյուս անձի կողմից ֆեյսբուքյան տիրույթներից «իբր պատահական» ջնջվել են։

Պարոնա՛յք, շատ ավելի խելոք մարդիկ կանխատեսել էին այդ քայլը. ոչինչ չի կարող անհետանալ։

Լա՛վ եղեք, show must go on...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր