Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել
16:25, 06.08.2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 31-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել է վարույթ: Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի դիմումը: Ըստ Դիմումատուի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է ընդհանուր հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր։ Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ «Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանը։ 2016 թվականի հունվարի 20-ից 2017թվականի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնում եղել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, այնուհետև 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը տնօրեն է հանդիսացել Արսեն Թորոսյանը։ Դիմումատուն խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը:

Որոշումն ամբողջությամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կազմով՝ Հ. Հարությունյանի, Լ. Ալեքսանյանի, Ա. Փաշինյանի, Ն. Համբարձումյանի (այսուհետ՝ Հանձնաժողով), ուսումնասիրելով, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի 2020թ. հուլիսի 28-ի դիմումը պարզեց.

1. 2020 թվականի հուլիսի 28-ին Հանձնաժոովը cpcarmenia@gmail.com էլեկտրոնային փոստային հասցեին ստացել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի (այսուհետ՝ Դիմումատու) դիմումը։

2. Ըստ Դիմումատուի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է ընդհանուր մեկ հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագրեր։ Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ «Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանը։ 2016 թվականի հունվարի 20-ից 2017թվականի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնում եղել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, այնուհետև 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը տնօրեն է հանդիսացել Արսեն Թորոսյանը։

3. Դիմումատուն խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը:

Ուսումնասիրելով դիմումը և դիմումում նշված փաստերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությունը` Հանձնաժողովն արձանագրում է հետևյալը.

4. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում առկա «Միբս» ընկերության վերաբերյալ տվյալների համաձայն`

ա/ «Միբս» ՍՊ ընկերությունը (նախկին անվանումը՝ «Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոն-Երևան»), այսուհետ՝ Ընկերություն, հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 14-ին՝ Արսեն Թորոսյանի հայտի հիման վրա,

բ/ Ընկերության գործունեության հասցեն է՝ ՀՀ, Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան փողոց, 228,

գ/ Ընկերության 30.12.2015թ. որոշմամբ Արսեն Թորոսյանը ազատվել է տնօրենի պաշտոնից և Ընկերության տնօրեն է նշանակվել է Վարդանուշ Թևանյանը ( փոփոխությունը գրանցվել է` 20.01.2016թ.):

դ/ Վարդանուշ Թևանյանը ընկերության տնօրենի պաշտոնն զբաղեցրել է մինչև՝ 2017թ. հունվարի 10-ը,

ե/ 2017թ. հունվարի 10-ից մինչև 2018թ մայիսի 29-ը Ընկերության տնօրենի պաշտոնն զբաղեցրել է Արսեն Թորոսյանը,

զ/ 2018թ մայիսի 29-ից Ընկերության տօրենի պաշտոնը զբաղեցնում է Վարդանուշ Թևանյանը:

5. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարագրված տվյալների համաձայն՝

ա/ Արսեն Թորոսյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնում է 2018 թ. մայիսի 12-ից,

բ/ Արսեն Թորոսյանի կինն է Վարդանուշ Թևանյանը,

գ/ Նախարար Արսեն Թորոսյանի և իր կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի անձնական տվյալները համընկնում են Ընկերության տնօրեն հանդիսացող անձանց անձնական տվյալների հետ,

դ/ Արսեն Թորոսյանի հաշվառման հասցեն Ընկերության գործունեության հասցեն է՝ ՀՀ, Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան փողոց 228:

6. ՀՀ ֆինանսների նախարարության armeps.am կայքի «հաշվետվություններ և վերլուծություններ» բաժնի պայմանագրեր դաշտի համաձայն՝ «Միբս» ՍՊ ընկերության հետ 2019-2020թթ. ընթացքում կնքել է թվով հինգ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր մեկ հարյուր քսանչորս միլիոն ութսունութ հազար (124 088 000) ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը նախարար Արսեն Թորոսյանի անհատական հրամանների հիման վրա, ընդ որում երեք պայմանագրի կնքման գործընթացը եղել է «մեկ անձից գնում» ընթացակարգով:

7. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:

8. Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

9. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հանձնաժողովը քննում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց … կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ:

10. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը պետական պաշտոն զբաղեցնող անձանց … կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքերի առկայության պարագայում հարուցում է համապատասխան վարույթ:
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և հիմք ընդունելով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և ղեկավարվելով Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով, Հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել վարույթ:

2. Վարույթ հարուցելու որոշումը եռօրյա ժամկետում ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանին և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանին»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր