ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Սահարա անապատի ընդլայնումը կանխելու համար Աֆրիկայում կառուցում են «Մեծ կանաչ պատ»
04:05, 07.08.2020 | mamul.am
5537 | 0

«Մեծ կանաչ պատ» նախագիծը (The Great Green Wall) ստեղծվել է Աֆրիկայում կլիմայի փոփոխություններին և Սահարա անապատի արագ ընդլայնման դեմ պայքարելու նպատակով: Այս մասին գրում է SCIENCE & TECHNOLOGY-ն՝ հավելելով, որ վերջին 100 տարվա ընթացքում անապատն ընդլայնվել է շուրջ 10%-ով։ Մասնագետները հույս ունեն, որ այս նախագծի օգնությամբ կկարողանան կասեցնել հողերի անապատացումն ու կենսաբազմազանության ոչնչացումը։

Սկզբնապես նախագծի հեղինակները պլանավորել էին Սահարայի հարավային սահմանի ամբողջ երկայնքով՝ 7775 կմ երկարությամբ և 15 կմ լայնությամբ տնկել ծառերի մի շերտ։ Սակայն ծրագիրն արագորեն ընդլայնվեց և վերածվեց մի շարք գործողությունների, որոնք ուղղված են տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը, էկոլոգիական իրավիճակի կարգավորմանը, կենսապայմանների բարելավմանն ու պարենային անվտանգությանը։

Պատն ստեղծվում է միաժամանակ մի քանի ուղղություններով, որոնցից հիմնականը ծառեր և թփեր տնկելն է, ինչպես նաև՝ այն բույսերի խնամքը, որոնք չեն կարող գոյատևել առանց մշտական խնամքի։

Նախագծի վրա աշխատում է Աֆրիկայի 21 երկիր։ Թեև իրականացվել է նախատեսված աշխատանքների միայն 15%-ը, այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ տարածաշրջանում էկոլոգիական իրավիճակն էապես փոխվել է, դեգրադացված հողն արագորեն վերականգնվում է, օրինակ, Նիգերիայում վերականգնվել է մոտ 5 միլիոն հեկտար քայքայված հող։ Անապատացման դեմ պայքարի այս փուլում նկատվել է նաև տեղումների քանակի որոշակի աճ։

Մեծ կանաչ պատի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2030 թվականը։ Այսուհանդերձ, ըստ փորձագետների, 2007 թվականին մեկնարկած այս նախագիծն այժմ վտանգված է՝ պայմանավորված ջրի սակավության, իսկ որոշ դեպքերում՝ բացակայության հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր