ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել
17:00, 07.08.2020 | mamul.am
2825 | 0

Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իր և հարևանի տան բակերը առանձնացնելու նպատակով քարե պարիսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200.000 ՀՀ դրամով վարչական տույժի չենթարկելու համար իրենց տուն այցելած Էրեբունու համայնքապետարանի պաշտոնատար անձինք պահանջել են կաշառք:

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետը և նույն բաժնի 1-ին կարգի մասնագետը, քաղաքացուց պահանջված ապօրինի վարձատրության գումարը Երևան քաղաքի Երկաթուղայինների 5-րդ փողոցում ստանալուց անմիջապես հետո բերման են ենթարկվել, իսկ ապօրինի վարձատրության գումարը հայտնաբերվել է նրանց կողմից վարած ավտոմեքենայի սրահում:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նշված երկու աշխատակիցները ձերբակալվել են՝ ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր