ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի շինությունների ընդհանուր քանակը շուրջ 3 800 է». Ռոմանոս Պետրոսյան
16:55, 08.08.2020 | mamul.am
4595 | 1

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, ևս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման։

Եվ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության և կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ ում գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով: Սա միայն ափամերձ հողերի մասով։
Իսկ բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3 800 հատ է՝ բոլորը ենթակա ապամոնտաժման և քանդման։

Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել մեր բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սևանա լճի էկոհամակարգը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր