ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սորոսի դեմ իրենց խաչակրաց արշավանքներով աչքի են ընկնում միայն կրթական ցածր ցենզ ունեցող խավերը». Հայկ Մարտիրոսյան
00:20, 11.08.2020 | mamul.am
4810 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, բայց զբաղված ենք ամոթալի հիմարաբանություններով...

Նախ՝ «սորոսականությունը» կեղծ օրակարգ է: Տերմինն ու Հունգարիայից ներգաղթյալ ամերիկյան ֆինանսիստ-ավանտյուրիստ և ֆինանսական մանիպուլյատոր Ջորջ Սորոսի սատանայացման թեման սկսվել է Ռուսաստանում՝ որպես Արևմուտքի դեմ պայքարի արդյունավետ միջոց, հետո՝ տարածվել աշխարհով մեկ:

Սորոսի դեմ իրենց խաչակրաց արշավանքներով աչքի են ընկնում միայն կրթական ցածր ցենզ ունեցող հասարակությունների կրթական ցածր ցենզ ունեցող խավերը միայն:

Օրինակ՝ ճապոնացիները, կորեացիները, նորվեգացիները կամ նորզելանդացիները խորապես թքած ունեն թե՛ Սորոսի և թե՛ Սորոսի դեմ պայքարողների վրա:

Զարգացած հասարակություններում հասկանում են, որ նման կեղծ և մտացածին օրակարգերն այլոց խնդիրներ լուծելուն են ծառայում: Իսկ Հայաստանում նախկին ռեժիմը մի կողմից և տգետ հայհոյիչների բանակները մյուս կողմից ֆինանսական մախինատորի անձը դարձրել են համաշխարհային գործոն և սեփական քաղաքականությունում այդ երևույթը դարձրել կարևորագույն հանգամանք, որ գործածում են որպես խարան և որպես քաղաքական վարկաբեկման հանգամանք: Եվ որպես կանոն՝ անտեղի ու սխալ հասցեով:

Եվ հետաքրքիր է, որ հասարակական առանձին մի խմբի խելագարությունն այնտեղ է հասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարներով ներշնչված, դրանցով ներծծված և այսօր իշխանությունում հայտնված մարդկանց գաղափարական իրական արմատները Հայաստանի առաջին ռեժիմում փնտրելու փոխարեն՝ այն Ուոլլ Սթրիթի մի միլիարդատեր մախինատորի մեջ են տեսնում: «Լևոնիստներ» որակելու փոխարեն՝ «սորոսականներ» են պիտակավորում: Ընդ որում՝ բոլորին ում դեմ են, ում չեն հավանում: Եվ անգամ նրանց, ովքեր լինելով իսկական հայրենասերներ, դրա մասին չեն բղավում և ազգայինը դավանելով ու պաշտպանելով՝ մերժում են ազգայնամոլությունն ու միայն խավարամիտներին հատուկ կույր շովինիզմը:

Քիչ առաջ իմացա, որ հիմա ես էլ եմ «սորոսական»: Այն, որ Արա Պապյանին էին մեղադրում «սորոսական» լինելու մեջ, լսել էի: Որ ես էլ եմ՝ հենց նոր իմացա: Նախ՝ Պապյանը բազմիցս է բացատրել, որ իր «Մոդուս Վիվենդի»-ի անվամբ նույնանուն կազմակերպություն են բացել, ամենայն հավանականությամբ, մի խումբ կեղծարարներ և ստացել գրանտ այդ հիմանդրամից: Պապյանն ինքը կամ իր կենտրոնը ոչ մի սենթ գրանտ որևէ մեկից և երբևէ չեն ստացել:

Ինչ վերաբերում է ինձ՝ ծիծաղելի է արդարանալը, բայց որևէ կապ, ընդհանրապես որևէ կապ Սորոսի կամ հիմնադրամի հետ ես երբևէ չեմ ունեցել: Երբևէ կյանքում որևէ գրանտ չեմ ստացել, որևէ կազմակերպության կողմից չեմ ֆինանսավորվել, որևէ քաղաքական, ագիտացիոն կամ մութ պատվեր երբևէ չեմ կատարել:

Ինձ «սորոսական» հռչակողները պետք է ամաչեն սեփական գոյությունից: Կարելի է լինել տգետ և չտեղեկացված, բայց դյուրահավատ դավադրապաշտ և միաժամանակ զրպարտիչ զազրախոս լինելն իրոք որ ամոթալի գոյություն է:

Այն վիճակը, որում մենք հանյտնվել ենք, իրոք ամոթալի է: Որպես իմաստուն ազգ և ժողովուրդ՝ այսքան ցածր գլորվելու իրավունք մենք չունենք:

Մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, բայց զբաղված ենք ամոթալի հիմարաբանություններով և կարդում ու լսում ենք մի խումբ ապիկար անգրագետների, որոնք Հայաստանում մարտնչող տգիտության դիկտատուրա են հաստատել:

Ամոթ է... Ե՞րբ ենք սթափվելու: Ե՞րբ ենք հասկանալու, թե ինչի առջև ենք կանգանծ և ինչով ենք զբաղված...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր