ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ
18:25, 11.08.2020 | mamul.am
4250 | 0

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ:

Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից:

Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:
Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով ‹‹պատմությունից թշնամանքի փոխարեն դասեր քաղել››, շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:

Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում:

Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր