Օգոստոսի 9-11-ը ՀՀ կառավարության պատվիրակությունը եղել է Լիբանանում՝ Հայաստանից մարդասիրական օգնություն հասցնելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։ «Օգնությունը բաղկացած էր երեք ինքնաթիռ բեռից։ Առաջին և երրորդ ինքնաթիռները նախատեսված են եղել Լիբանանի կառավարության և ընդհանրապես ժողովրդի համար, իսկ երկրորդ ինքնաթիռը կոնկրետ նախատեսված էր լիբանանահայ համայնքի համար»,- այսօր՝ օգոստոսի 14-ին, ասուլիսին հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ ՀՀ կառավարության պատվիրակությունը այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել մի խումբ հայրենակիցների, հոգևոր առաջնորդների, տարբեր կուսակցություններ և մշակութային հաստատություններ ներկայացնող հայերի, լիբանանահայ մամուլի բոլոր միջոցների ներկայացուցիչների հետ և այլն։ Կարիքները գնահատող փաստահավաք խմբի հետ այցելել են պայթյունից տուժած անհատների տները՝ ծանոթանալու կորուստներին։ |