ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Բելառուսում ձերբակալվածներին մերկացնում են, ծեծում, սպառնում բռնաբարել
16:15, 14.08.2020 | mamul.am
10593 | 0

Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են անմարդկային պայմանները, որոնցում պահվում են Բելառուսում ցույցերի ժամանակ կալանավորված հազարավոր մարդիկ: Այս մասին հայտնում է Euronews-ը: Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտություններից հետո, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալվել է ավելի քան 6700 մարդ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Բելառուսի կալանավայրերում պայմանները սարսափելի են: Համացանցում տարածվում են ցուցարարներին ֆիզիկական բռնությունների ենթարկելու մասին գրառումներ, լուսանկարներ ու տեսանյութեր:

«Բանտախցում, որը նախատեսված է 5-6 կալանավորի համար, կա 50-70 մարդ: Նրանք կանգնած են, չեն կարող նստել: Ջուրը քիչ է: Նրանք ֆիզիկական բռնության են ենթարկվում: Բերման ենթարկելիս, ծեծում են, հետո շարունակում են ծեծել կալանավայրում, իսկ հետո՝ ազատելու պահին»,- ասում է իրավապաշտպան Ալես Բելյացկին:

«Տղամարդկանց մերկացնում են, հետո նրանց ստիպվում են քայլել միջանցքով՝ հագուստը ձեռքներին բռնած, հետո ծնկի գալ՝ դեմքով դեպի պատը: Եթե բողոքում են, ծեծի են ենթարկվում»,- պատմում են ոստիկանական բաժանմունքներում եղած ականատեսները:

Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ ձերբակալվածները նկարագրել են, թե ինչպես են իրենց ստիպել մերկանալ, ծեծի են ենթարկել և անգամ սպառնացել բռնաբարել. «Նախկին կալանավորները մեզ փոխանցել են, որ կալանավայրերը դարձել են խոշտանգումների վայրեր, որտեղ բողոքողներին ստիպում են պառկել կեղտի մեջ, իսկ ոստիկանները նրանց հարվածում են մահակներով»,- ասում է կազմակերպության տարածաշրջանային հարցերով տնօրենը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր