ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Հաստատվել է կլիմայական աղետի վատագույն սցենարը
21:10, 04.09.2020 | mamul.am
16657 | 0

Ներկայում հաստատվում է մարդու գործունեության հետևանքով կլիմայի աղետալի փոփոխության վատթարագույն սցենարը: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի և Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի գիտնականները, որոնք վերջին 20 տարվա ընթացքում գնահատել են ծովի մակարդակի բարձրացման տեմպերը: Այս մասին հաղորդվում է Nature Climate Change ամսագրում հրապարակված հոդվածում։
Արբանյակային տվյալների համաձայն՝ 20-րդ դարի 90-ականներից սկսած՝ Անտարկտիդայում սառույցների հալոցքը համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացրել է 7,2 մմ-ով, իսկ Գրենլանդիայում սառցե վահանի ոչնչացումը՝ ևս 10,6 մմ-ով: Չափումները ցույց են տալիս, որ այժմ ծովի մակարդակը տարեկան բարձրանում է 4 մմ-ով: Հետազոտողների խոսքով՝ բևեռային սառույցների հալման արագությունը կանխատեսվածից ավելի արագ է աճել՝ առաջ անցնելով կլիմայական մոդելներից:
Սպասվում է, որ ապագայում միայն սառցե վահանների հալոցքը կնպաստի համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը լրացուցիչ 17 սմ-ով: Դա կկրկնապատկի փոթորկի ալիքների հաճախականությունն աշխարհի խոշորագույն ափամերձ քաղաքներում։
Մինչ այժմ օվկիանոսի գլոբալ մակարդակը մեծամասամբ աճել է ջերմային ընդլայնում կոչված մեխանիզմի հաշվին՝ երբ տաքանալուն պես ծովային ջրի ծավալը մեծանում է։ Սակայն վերջին հինգ տարիների ընթացքում սառույցի վահաններից և լեռնային սառցադաշտերից սառույցի հալոցքը դարձել է ծովի մակարդակի բարձրացման հիմնական պատճառը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր