ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Աստղագետներն ստացել են Արեգակի մակերեսի առավել մանրամասն լուսանկարները
00:05, 05.09.2020 | mamul.am
10125 | 0

Գերմանացի գիտնականներին հաջողվել է ստանալ Արեգակի մակերևույթի պատկերը՝ ողջ պատմության ընթացքում առավել մանրամասնություններով և բացահայտել են դրա մագնիսական դաշտերի կառուցվածքի ամենափոքր առանձնահատկությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Astronomy&Astrophysics ամսագրում:
Արևի վրա տեղի ունեցող գործընթացները զգալի ազդեցություն են ունենում մեր մոլորակի վրա։ Հատուկ ռիսկերը կապված են արեգակնային ակտիվության հզոր բռնկումների հետ, որոնք պայմանավորված են ուժեղ մագնիսական դաշտերի առաջացմամբ:
Արեգակի վրա իրադարձությունների ազդեցությունը մարդու վրա նվազագույնի հասցնելու, ուղեծրում ցամաքային սարքերի և արբանյակների աշխատանքի համար գիտնականները պետք է առավելագույնս ճշգրիտ կանխագուշակեն դրանց հայտնվելու վայրերն ու հզորությունը, իսկ դրա համար անհրաժեշտ են արևի մակերևույթին և նրա մագնիսական դաշտերին մանրամասն հետևելու միջոցներ:

Աստղագետներն ստացել են Արեգակի մակերեսի առավել մանրամասն լուսանկարները

GREGOR արևային աստղադիտակը թույլ է տալիս Արեգակի մակերևույթին դիտարկել մինչև 50 կմ չափի դետալներ՝ աստղի 1,4 մլն կմ տրամագծով: Համեմատության համար նշենք, որ դա նույնն է, ինչ ֆուտբոլի դաշտում 1 կմ հեռավորության վրա տեսնել ասեղի եզրը: «Դա շատ հետաքրքիր, բայց, միևնույն ժամանակ, չափազանց բարդ նախագիծ է։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում մենք ամբողջությամբ վերամշակել ենք օպտիկան, մեխանիկան և էլեկտրոնիկան, որպեսզի հասնենք պատկերի լավագույն որակին»,- Ֆրայբուրգի համալսարանի մամուլի տեղեկագրում մեջբերված է հոդվածի առաջին հեղինակի և գերմանական արևային աստղադիտակների տնօրեն դոկտոր Լյուսիա Կլայնթի (Lucia Kleint) խոսքերը:
Աստղադիտակի յուրաքանչյուր դետալ պետք է լինի կատարյալ, որպեսզի ամբողջ համակարգն աշխատի առավելագույնս արտադրողականությամբ:
Գիտնականների ցուցումով մասնագետները պարաբոլիկ հայելիները փոխարինել են նորերով, որոնք հղկվել են մինչև 6 նանոմետր ճշգրտությամբ. դա մարդու մազի տրամագծի մոտ մեկ տասհազարերորդն է: Մի քանի այլ բարելավումների հետ միասին, այս վերամշակումը թույլ տվեց զգալիորեն մեծացնել պատկերի հստակությունը:
«Նախագիծը բավականին ռիսկային էր, քանի որ աստղադիտակների արդիականացման համար սովորաբար տարիներ են պահանջվում։ Բայց գերազանց թիմային աշխատանքը և մանրակրկիտ պլանավորումը հանգեցրել է հաջողության։ Այժմ մենք ունենք հզոր գործիք Արեգակի վրա հանելուկները լուծելու համար»,- ասել է հետազոտության ղեկավար, Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգ համալսարանի պրոֆեսոր և Լեյբնիցի անվան Արեգակնային ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սվետլանա Բերդյուգինան:
Հետազոտողների խոսքով՝ GREGOR աստղադիտակի նոր օպտիկան նրանց թույլ կտա մանրամասն ուսումնասիրել մագնիսական դաշտերը, կոնվեկցիան, մրրկայնությունը, արևային բռնկումները և բծերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր