ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխությանը մրցանակի դափնեկիր է դարձել թուրք հասարակական գործիչը 
09:55, 16.09.2020 | mamul.am
2224 | 0

Սեպտեմբերի 15-ին` պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 66-ամյակի օրը, տեղի է ունեցել նրա անվան միջազգային մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկանում ենք «Ակոս» պարբերականի կայքից:

Այս տարի Թուրքիայից Հրանտ Դինքի անվան մրցանակի դափնեկիր է դարձել գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, որը մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար և ավելի քան 1000 օր է, ինչ գտնվում է բանտում:

Հրանտ Դինքի անվան 12-րդ մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղի է ունեցել առցանց ձևաչափով և հեռարձակվել է համացանցում: Մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել պոլսահայ երգիչ Արտո Թունջբոյաջյանը:

Մրցանակի դափնեկիր Օսման Քավալան բանտից նամակ-կոչ է հղել, որում հիշատակել է ազատության համար պայքարող այլ գործիչների, այդ թվում՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին փոխնախագահ, ազատազրկված Սելահեթթին Դեմիրթաշին:

Մրցանակի դափնեկիր է դարձել նաև Մոզն Հասանը Եգիպտոսից, որը պայքարում է կանանց իրավունքների համար: Նա շնորհակալություն է հայտնել իր պայքարն ու աշխատանքը գնահատելու համար:

Միջոցառման ժամանակ Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, կատարել է Հրանտի սիրելի «Ես բյուլբյուլ եմ» երգը: Մրցանակաբաշխության հեռարձակումն ավարտվել է 2006 թվականին Հենրի Նանենի մրցանակը ստանալուց հետո Հրանտ Դինքի ասված խոսքով:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր