ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՌԴ նախագահի աշխատակազմում Նիկոլ Փաշինյանի օպերատիվ մականունը «Մորուք» է. «Դոսյե»
14:20, 18.09.2020 | mamul.am
11637 | 0

Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում

Ռուսաստանի նախագահական աշխատակազմում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին օպերատիվ մականուն են տվել` «Մորուք», և հատուկ ուշադրությամբ հետևում են նրա ամեն մի քայլին, պնդում է «Դոսյե» կենտրոնը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին:
Հետաքննության հեղինակներն ուսումնասիրել են տասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր, որոնք նրանց տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունից:
Չերնովի ենթակաների հատուկ հսկողության տակ է գտնվում, ինչպես նրանք գրում են իրենց զեկույցներում, «Սորոսի հիմնադրամի թիկունք» Նիկոլ Փաշինյանը, ով 2018-ին «թավշյա հեղափոխության» ալիքի վրա ստանձնեց Հայաստանի ղեկավարի պաշտոնը:
«Մինչև օգոստոս, ինչպես խոստացավ Միշան, հնարավոր չէր չեզոքացնել Նիկոլին: Այժմ, ըստ երևույթին, կսկսվի կոշտ սցենարը»,- հայտնում է ոմն Սվետլանա Մաքսիմովան:
«Հայաստանի ղեկավարը չի ձգտել սերտորեն համագործակցել անվտանգության պայմանագրի գործընկերների հետ: Ավելին, Ն. Փաշինյանը կասկածի տակ դրեց ՀԱՊԿ-ին և նույնիսկ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու նպատակահարմարությունը: Միևնույն ժամանակ, նա բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ հրամայելով ձերբակալել կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին: Նա նույնիսկ չի մասնակցել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին՝ անտեղի նշելով կորոնավիրուսի հետ կապված խնդիրները: Ռուսաստանից հեռանալու ընթացքը բնորոշ էր Փաշինյանին: Ավելին, նրա օրոք իշխանության եկան ամերիկամետ քաղաքական գործիչները, որոնք կասկածվում էին ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու մեջ»:
Չերնովի թղթերի մեջ հայտնաբերվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը: «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը հաճախակի այցելում է Մոսկվա, իսկ 2019-ի փետրվարին նրա կուսակցությունը համագործակցության արձանագրություն է ստորագրել «Եդինայա Ռոսիայի» հետ: 1979 թվականին ՆԳՆ պարեկապահակային ծառայության սպա Գագիկ Ծառուկյանը դատապարտվել է խմբակային բռնաբարության համար և ազատազրկում կրել (սակայն 22 տարի անց պատժաչափը չեղյալ հայտարարվեց, իսկ նա արդարացվեց):
Ուշագրավ են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման օրոք ԱԱԾ ղեկավար Կարլոս Պետրոսյանի մասին տեղեկությունները: Ըստ «Դոսյե»-ի, մոտ հինգ տարի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության թիվ մեկ պատասխանատուն պաշտոնաթողությունից անմիջապես հետո Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել` հատուկ կարգով, և մինչ այժմ ապրում է Մոսկվայի Կոմպոզիտորների տանը, որտեղ հաջողել է բնակարան գնել 200 միլիոն ռուբլով` ավելի քան երկուսուկես միլիոն դոլարով: Բացի այդ, ըստ «Դոսյե»-ի, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարլոս Պետրոսյանը նաև առանձնատուն է ստացել մերձմոսկովյան Մալախովկայում, ընդ որում՝ անձամբ նախագահ Պուտինի կարգադրությամբ: Թե որ ծառայությունների դիմաց` դժվար է կռահել, քանի որ Պուտինի այդ որոշումը գաղտնի է եղել: Հայտնի է միայն, որ այդտեղ` Պետրոսյանի հարևանությամբ է ապրում նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության` ФСБ-ի նախկին փոխտնօրեն, գեներալ-գնդապետ Վիկտոր Կոմոգորովը: Հետաքննությունը հիշատակում է նաև ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանին, ով, ըստ նախաքննության, ինքնասպան եղավ այս տարեսկզբին, ապա` Արթուր Վանեցյանին: «Վերջինն ԱԱԾ-ի ղեկավար պաշտոնում աշխատեց մոտ մեկ տարի, պաշտոնանկությունից հետո դարձավ Փաշինյանի կոշտ քննադատը, և հիմա նրան հաճախ են տեսնում Մոսկվայում` ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ»,- փաստում է «Դոսյե»-ն:
Քաղաքական գործիչներից, ներդրված գործակալներից, ռուսամետ լրագրողներից ու փորձագետներից բացի, ըստ հետաքննության, Կրեմլի հետ սերտորեն աշխատում են նաև որոշ հասարակական կազմակերպություններ: Դրանցից մեկը` Լազարևյան ակումբը, օրինակ, ձևավորվել է «թավշյա հեղափոխությունից» հետո, ռուսական կողմից, այն համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, անդամակցողների շարքում են Զորի Բալայանը, ով տարիներ առաջ նամակ էր գրել նախագահ Պուտինին, ու պնդել` Ղարաբաղի հարց չկա, կա Ռուսաստանի հարց, Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով մինչ օրս ամեն շաբաթ ակումբի կայքում քարոզչական հոդվածներ է հրապարակում, որոնցից մեկն, օրինակ, վերնագրված է` «Գլոբալիստների նախագիծը` Նիկոլ Փաշինյանը, ֆիասկո ապրեց. ինչ է լինելու հետո»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր