ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Առաջին դեպքը չէ»․ Ռաֆայել Թեյմուրազյան
00:25, 19.09.2020 | mamul.am
6451 | 4

Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանը քաղաքագետ ներկայացվող 3 անձի հետ այսօր հրապարակված զրույցում արցախյան խնդրի կարգավորման «Ընդհանուր պետություն» տարբերակի մասին խոսելիս ասել է, թե այն «դեյթոնյան մոդելի նման» Բոսնիա և Հերցեգովինայի պես միասնական պետության մեջ երկու անկախ պետության միավորման փորձ էր։ Ըստ Քոչարյանի՝ 150 հազար բնակչությամբ Ղարաբաղը դառնում էր 7 միլիոնանոց Ադրբեջանի հետ միասնական պետության «50%-անոց բաժնետեր»։ Նրա խոսքով՝ 1998-ի հուլիսին ինքն առաջարկի հեղինակ Պրիմակովին ասել է՝ «ո՛չ այո եմ ասում, ո՛չ՝ ոչ», բայց պատրաստ է եղել հարցը քննարկել, եթե Ադրբեջանը պատրաստ է այն քննարկել։ Պրիմակովը մեկնել է Բաքու, Բաքվից՝ Մոսկվա և այնտեղից զանգել Քոչարյանին ու ասել, թե կատեգորիկ մերժեցին։ «Եվ թեման փակվեց։ Նույնիսկ չի եղել փաստաթուղթ։ Եղել է գաղափար՝ այսպես մեկ էջի վրա, ինչ-որ կես էջի վրա ուղղակի նկարագրված։ Սա է այդ ընդհանուր պետության ամբողջ թեման, որը մեկ-մեկ շահարկվում է այնպիսի բաներով, որ ուղղակի զարմանում ես, ասում ես՝ էս մարդիկ, լավ, էս որտեղի՞ց են վերցրել»,- ասում է Քոչարյանը։
Իրականում փաստաթուղթ եղել է, Քոչարյանն ու Օսկանյանն էլ այն համարել են հայկական դիվանագիտության մեծագույն նվաճում։ «Ընդհանուր պետությունը» ոչ թե «կես էջի վրա գրված» գաղափար է եղել, այլ՝ հակամարտության երեք կողմերին (Հայաստան, Արցախ, Ադրբեջան) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անունից 1998-ի նոյեմբերի 10-11-ին ներկայացրած պաշտոնական առաջարկ։ Քոչարյանը ոչ թե «ո՛չ՝ այո, ո՛չ՝ ոչ» է ասել, այլ և՛ Հայաստանը, և՛ Արցախը պաշտոնապես համաձայնություն են տվել այդ տարբերակին։ Դրանով Ղարաբաղը չէր դառնում Ադրբեջանի 50%-ի բաժնետեր, այլ համաձայնագրի հենց առաջին հոդվածով հայտարարվում էր Ադրբեջանի մաս. «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Ադրբեջաներենը Ղարաբաղում հռչակվում էր երկրորդ պաշտոնական լեզու, ԼՂ քաղաքացիները պետք է ունենային Ադրբեջանի անձնագիր և այլն։ Համաձայնագրի տեքստը վաղուց հրապարակված է, ցանկացած մարդ կարող է այն կարդալ (հղումը՝ ներքևում)։
Չեմ հասկանում՝ ի՞նչ իմաստ ունի նման հայտարարություններ անելը. չէ՞ որ դրանք ստուգելը րոպեների հարց է (ամեն ինչ փաստաթղթավորված է, հրապարակված)։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, որ Ռ. Քոչարյանն Արցախի թեմայով իրականությունը գլխիվայր շուռ տալու փորձեր է անում։ Իր գրքում, օրինակ, գրել է, թե 1997-ի փուլային տարբերակով Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնել էր Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, այն դեպքում, երբ այդ տարբերակում առհասարակ որևէ բառ չկա Արցախի կարգավիճակի մասին։ Այս տարբերակն էլ է վաղուց հրապարակված (հղումը՝ ներքևում)։ Ռ. Քոչարյանի այդ պնդմանն անդրադարձել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը, հետո նաև ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ Լևոն Զուրաբյանը, բայց Քոչարյանը, ինչպես տեսնում ենք, շարունակում է նույն ոճով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր