ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այս ինստիտուտի ներդրումը կմեծացնի վերահսկողության հնարավորությունը». Թագուհի Ղազարյան
18:10, 19.09.2020 | mamul.am
3282 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Երեկ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծ, որը վերաբերում էր ավագանու անդամների հայտարարագրմանը։ Այս մոտեցման վերաբերյալ արդեն հնչել են որոշ վերապահումներ։
Ինչո՞ւ պետք է ավագանու անդամները հայտարարագրեն իրենց ծախսերն ու եկամուտները։ Բանն այն է, որ ավագանու անդամները, չնայած որ աշխատում են հասարակական հիմունքներով, այնուամենայնիվ, հանրային կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնող անձինք են, այդ թվում՝ հանրային գույքի վերաբերյալ որոշումներ կայացնող։ Հայաստանի տարբեր համայնքներում բազմաթիվ են քաղաքացիների գանգատները, որ այս կամ այն ավագանին կամ նրա անդամի ընտանիքի անդամը ժամանակին որևէ արտոնություն կամ առավելություն է ունեցել հանրային գույքի մասնավորեցման կամ նմանատիպ այլ գործընթացներում։ Այս ինստիտուտի ներդրումը զգալիորեն կմեծացնի վերահսկողության հնարավորությունը և կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։
Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ առանց այն էլ վերջին տարիներին, երբ վերը նկարագրված հնարավորությունները զգալիորեն նվազել են, ավագանու անդամ առաջադրվելու մոտիվացիաները նվազել են, և այսպիսի բեռի ավելացումը է՛լ ավելի կդեմոտիվացնի մարդկանց՝ առաջադրվելու որպես ավագանու անդամ։ Ուզում եմ հիշեցնել, որ Ազգային ժողովն արդեն կատարել է փոփոխություններ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգի մեջ, ըստ որի մենք շարժվում ենք ՏԻՄ-երում դեպի համամասնական ընտրակարգը։ Սա նշանակում է, որ այս կամ այն կուսակցության կամ դաշինքի ցուցակով ավագանու անդամներ լինելու են հանրային քաղաքականությամբ զբաղվող գործիչները, որոնց համար սա քաղաքական գործունեության հերթական աստիճանն է։ Իսկ հանրային քաղաքականությամբ զբաղվող մարդիկ պետք է պատրաստ լինեն այդ որոշումը կայացնելու պահին և այդուհետ գործեն թափանցիկ։ Ավագանիում աշխատելը ևս հանրային-քաղաքական գործունեություն է։ Ավագանու անդամները ևս ունեն հանրային կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն, լծակներ, հետևաբար նրանք ևս պետք է լինեն հայտարարատու։
Այս քննարկման մեջ ամենատարակուսելին այն է, որ փոփոխության նկատմամբ վերապահում ունեն նաև ընդդիմադիր գործիչները։ Հայտարարագրման մեխանիզմը նաև հնարավորություն է, որ ընդդիմությունը կարողանա վերահսկել իշխանական գործիչների, հանրային ֆինանսների և հանրային գույքի հարցում պատասխանատու մարդկանց նկատմամբ վերահսկողական գործուն միջոցներ ու լծակներ ունենա։ Կարծում եմ՝ արժե նման «բեռի» տակ մտնել այդպիսի վերահսկողական մեխանիզմ ունենալու համար։
Երևանի ավագանու անդամ իմ գործընկերների արձագանքը ևս ամենադրականը չէր, սակայն վստահ եմ՝ հարցի նկատմամբ դիտանկյունը փոխելու դեպքում կկարողանանք տեսնել այսպիսի գործիքի կարևորությունը։ Հանրային քաղաքականությունը գործունեության այնպիսի ոլորտ է, որտեղ թափանցիկությունն առաջնային է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր