Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում` ՀՀ կառավարության A-319CJ օդանավը ներկելուց հետո, բազմապիսի լուրեր են տարածվում ներկելու համար վճարված գումարի շուրջ: Չէի անդրադառնա դրան, եթե լրատվամիջոցնեն ինձ բազմիցս դիմած չլինեին՝ ներկելու արժեքին գնահատական տալու հարցով: Իսկ նախորդ օրը 5-րդ ալիքի ռեպորտաժում ամեն ինչ իրար խառնած չներկայացվեր: Հիմա հերթականությամբ` 1. Օդանավերը ներկվում են կամ տեխնիկական պահանջներով, կամ օդանավի տարբերանշանները փոխելու պատճառով: Էդպիսի դեպքերում նախորդ ներկածածկույթը մաքրում են մինչև մետաղ, հարթեցնում, նոր գրունտ և նոր ներկածածկույթ անում: Արժեքի այլ բաղադրիչ է ներկի տեսակը և որակը: ԵՍ ՉԳԻՏԵՄ, թե ինչ պատճառներով է թարմացվել օդանավի ներկը: Էս հարցերի պատասխանը կարող են տալ միայն տեխսպասարկող ձեռնարկությունն ու կառավարությունը: 2. 5-րդ ալիքը էպիզոդներ ցուցադրեց, թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` օդանավի տարիքի պատճառով, նրա թռիչքային պիտանելիության վրա պահանջվող զգալի գումարների պահանջին, վարչապետի նախկին խորհրդականը հակադարձել է, որ օդանավը գտնվում է լավ տեխնիկական վիճակում... Այստեղ հակասություն չկա: Օդանավը կարող է գտնվել թռիչքային պիտանելիության, լավ վիճակում, նրա տեխսպասարկման վրա ավելի թարմ օդանավի ծախսերից ավել ծախս կատարելու պարագայում: Կա ոչ պրոֆեսիոնալ լրագրողական մոտեցում, կամ ամեն գնով սկանդալ ստեղծելու մեծ ցանկություն: Ես երբեք չեմ խուսափել առողջ, կառուցողական քննադատությունից: Բայց ինձ, օդանավ ներկելու, կամ անիվներ փոխելու շուրջ խոսակցությունները սկանդալի վերածելու գործընթացին ներգրավելը, վստահեցնում եմ, ժամանակի և ուշադրության անիմաստ կորուստ է: Վարչապետի խորհրդականի պաշտոնից իմ հրաժարականի հիմքում դեղին մամուլ ստեղծելու նպատակ չի եղել: Ինչը և խորհուրդ կտայի լրագրողներից շատերին»: |