Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ֆեյսբուքյան իր էջում պատմել է, թե ինչպես է ընթանում վերականգնման փուլը: Նա դեռ չի կարողանում ինքնուրույն օգտվել հեռախոսից և մեծագույն դժվարությամբ է բաժակի մեջ ջուր լցնում: «Բոլորովին վերջերս ես չէի ճանաչում մարդկանց և չէի հասկանում՝ ինչպես խոսել: Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում. «Ալեքսե՛յ, ես գրատախտակ եմ բերել, եկեք մտածենք՝ ինչ բառ գրել: Սա ինձ հուսահատության էր հասցնում, քանի որ թեպետ արդեն ընդհանուր առմամբ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց չգիտեի՝ որտեղից գտնել բառերը, որտեղից են դրանք հայտնվում գլխում»,- անկեղծացել է Նավալնին: |