Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի հետ հանդիպման ժամանակ խոստացել է ամրապնդել Մերձավոր Արևելքում հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերազանցությունը: Այս մասին հայտնել է ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Մեր գործընկերությունը սերունդներով կառուցվում է ընդհանուր արժեքների, շահերի և մտահոգությունների վրա։ Մեր ռազմական համագործակցության անկյունաքարը տարածաշրջանում Իսրայելի ռազմական գերազանցության պահպանումն է: Շարունակելու ենք աջակցել Իսրայելի անվտանգության ապահովման մեր վաղեմի առաջնահերթությանը»,- ասել է Էսփերը։ Նախարարները քննարկել են ԱՄԷ-ի ու Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերի ստորագրումը, որոնք առաջարկում են «տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու պատմական հնարավորություն»: Հանցը Վաշինգթոնում կարճատև այցի ընթացքում նաև հանդիպել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլիի հետ: |