Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 494.37, EUR 585.48, RUB 6.41, GBP 645.35
+11 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արդարացման դատավճիռ՝ լրագրողին ասֆալտին փռողին. ՀՔԱՎ
19:35, 26.09.2020

2020-ի օգոստոսի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի գործով վճիռը:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել 2017 թ.-ի սեպտեմբերի 28-ին՝ Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա: Ն. Ավետիսյանը փորձել էր նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները և ենթարկվել բռնության՝ «Շինպլյուս» ՍՊԸ տնօրեն Տիգրան Նազարյանի կողմից, ով, նրա պնդմամբ, արգելել էր տեսանկարահանումներ կատարել, բռնի ուժի գործադրմամբ վերցրել հեռախոսը, տապալել նրան գետնին և ջնջել հեռախոսից լուսանկարներն ու տեսագրությունը:

«Շինպլյուս» ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանին ու նույն ընկերության աշխատակից Վրեժ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել էր՝ ՀՀ ՔՕ-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), որը նրանք շարունակաբար հերքում էին:

Դատարանում Ն. Ավետիսյանի շահերի պաշտպանությունը ստանձնել էին ՀՔԱՎ գրասենյակի փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանը, ապաև՝ Հայկ Հակոբյանը: 3 տարի տևած դատաքնննության ընթացքում տեղի էր ունեցել նաև դատավորի փոփոխություն. դատավոր Լուսինե Աբգարյանին փոխարինեց Սուսաննա Գզոգյանը, ում նախագահությամբ էլ շարունակվեց գործի քննությունը:

Նախաքննության ընթացքում հայտնի դարձան նաև գործով իրեղեն ապացույցների գրավոր հետազոտության, ապաև դատահամակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացության արդյունքները: Ըստ այդմ՝ Ն. Ավետիսյանի բջջային հեռախոսի ներքին հիշողության մեջ պահպանվել և վերականգնվել էին դեպքի օրն արված 5 լուսանկարները, իսկ ահա նույն օրվա տեսագրությունը վերականգնել չէր հաջողվել:

2020 թ.-ի օգոստոսի 24-ին դատարանն ընդունեց որոշում՝ արդարացնել ամբաստանյալ Տիգրան Նազարյանին և վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վճռում տեղ գտած իրավական վերլուծությունների համաձայն՝ դատարանը, պատշաճ հետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները, գնահատելով դրանք արժանահավատության, թույլատրելիության, վերաբերելիության, ողջ ապացույցները՝ նաև համակցությամբ՝ գործի լուծման համար բավարար լինելու տեսակետից, դրանց բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով Տ. Նազարյանին առաջադրված մեղադրանքը դատաքննության ընթացքում չի հաստատվել: Արդարացման վճիռը կայացվել է հետևյալ պատճառաբանությամբ. Տ. Նազարյանը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում իր ցուցմունքներում տարբեր հիմնավորումներով հերքել է իր մասնակցությունը՝ կատարված հանցագործությանը: Քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհերքեր նրա փաստարկները: Ավելին՝ 4 վկաներն, ըստ էության, տվել են Տ. Նազարյանին արդարացնող ցուցմունքներ: Ինչ մնում է Ն. Ավետիսյանի գործընկերների ցուցմունքներին՝ դատարանը գտել է, որ դրանցում չկան փաստական տվյալներ, որոնց հիման վրա կապացուցվեր, որ Տ. Նազարյանը խոչընդոտել է Ն. Ավետիսյանի լրագրողական գործունեությանը:

Դատարանի վերլուծությամբ՝ նրանց ցուցմունքներն ընդամենը հիմնավորել են Ն. Ավետիսյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Իսկ ահա Վրեժ Խաչատրյանին դատարանը վճռեց մեղավոր ճանաչել՝ ՀՀ ՔՕ-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ և նույն օրենսգրքի 75-րդ հոդվածով ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի օրը, լրագրող Նարինե Ավետիսյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում, որում, մասնավորաբար, գրել էր. «ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ՝ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԱՍՖԱԼՏԻՆ ՓՌՈՂԻ ՀԱՄԱՐ

Կեցցե՛ Լոռու մարզի ընդհանուր իրավասության «արդար» դատարանը և դատավոր Սուսաննա Գզոգյանը: Հիշում եք չէ՞, 2017 թ. ինչպես ինձ «պառկեցրեցին» ասֆալտին: Հանցագործը, ում ես ճանաչել էի նախաքննության մարմնի մոտ, շուրջ մեկ տասնյակ մարդու մեջ՝ «ՇինՊլյուս» ՍՊԸ տնօրեն Տիգրան Նազարյանն էր: Նախաքննության և դատավարության ընթացքում բազում իրարամերժ ցուցմունքներ տվեցին այս անձը և իր ենթակաները, նաև այն անձը, ով շեֆի մեղքը վերցրել էր իր վրա, բայց չկարողացավ ապացուցել, որ ինքն է եղել, ոչ թե շեֆը: Թվում էր, թե «արդարադատություն» իրականացնող դատավոր Գզոգյանն այս գործում ոչ միայն արդարամիտ պիտի լինի, ավելին՝ նա պիտի պարզապես փաստերն իրար կողքի դներ ու վճիռ կայացներ: Ինչևէ: Ես այս գործում պարտվեցի, պարտվեցի Հայաստանի Հանրապետությանը, պարտվեցի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, պարտվեցի հանցագործ Տիգրան Նազարյանին, պարտվեցի, որովհետև իմ երկրի, իմ համայնքի շահերն էի պաշտպանում՝ գիշերով, անձրևի տակ ասֆալտ փռողների դեմ: Լրագրող ընկերներիս կուղարկեմ այս խայտառակ դատավճիռը, որը կայացվեց հետհեղափոխական Հայաստանում»:

Հաշվի առնելով դատավճռի ակնհայտ կողմնակալությունն ու անարդարությունը՝ լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով՝

  • ՀՀ դատական իշխանության Էթիկայի և կարգապահական հանձնաժողովից և Արդարադատության նախարարից՝ ուսումնասիրել տվյալ դատական գործը և դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ անփութությամբ խախտում կատարած լինելու դեպքում հարուցել կարգապահական վարույթ,
  • Վերաքննիչ քրեական դատարանից՝ բեկանել առաջին ատյանի վճիռը, ապահովել գործի համակողմանի ու անաչառ քննություն և պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողներին։

2020 թ.-ի սեպտեմբերի 23-ին, գործով տուժող Ն.Ավետիսյանը, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանի աջակցությամբ, վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով դատական ակտը Տիգրան Նազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անպարտ ճանաչելու և արդարացնելու, ինչպես նաև Վրեժ Խաչատրյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասերով:

Տուժողը Վերաքննիչից խնդրել է մասնակիորեն բեկանել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ.-ի օգոստոսի 24-ի դատավճիռը և այն փոփոխել. Տիգրան Նազարյանին ճանաչել մեղավոր քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով տուգանք՝ 400.000 դրամի չափով, նույնպիսի պատիժ նշանակել նաև Վրեժ Խաչատրյանի նկատմամբ:

Մեջբերելով նման գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից՝ տուժողը պնդել է, որ, վճիռ կայացնելիս, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի խախտում, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես՝ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջներ. գործում առկա բոլոր ապացույցները չեն գնահատվել իրենց համակցության մեջ, ցուցաբերվել է կանխակալ մոտեցում. Դատարանն ամբաստանյալների ցուցմունքներն արժանահավատ ու գերակա է համարել տուժողի ցուցմունքներից:

Վերաքննիչ բողոքում ամբաստանյալ Տ. Նազարյանի փաստարկների մասով նշվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածով, հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ:

Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Նրանք չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ չպետք է առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև իրավական ընթացակարգի շրջանակներում դրանց պատշաճ հետազոտումը:

104-րդ հոդվածի 1-ին մասով՝ քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Նույն հոդվածի 2-րդ մասն էլ սահմանում է, որ որպես ապացույց թույլատրվում են` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի, տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները, դատապարտյալի ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, քննչական և դատական գործողությունների արձանագրությունները, այլ փաստաթղթերը: Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Վ. Խաչատրյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն, տուժողը Վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրել է հետևյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝

Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության՝ վերականգնելու սոցիալական արդարությունը, ուղղելու պատժի ենթարկվածին, ինչպես նաև կանխելու նոր հանցագործությունները:

Ամբաստանյալ Վ. Խաչատրյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելն արդեն իսկ փաստում է պատժի ոչ իրական, վերացական և մտացածին լինելու մասին։ Նման պայմաններում չի ապահովվում նաև օրենքով կանխորոշված պատժի նպատակները, մասնավորապես, չի վերականգնվում սոցիալական արդարությունը, ինչը հանգեցնում է հանցագործությունից տուժան անձի իրավունքների խախտմանը։ Մինչդեռ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք», 63-րդ հոդվածով էլ ամրագրված է՝ «յուրաքանչյուրի՝ անկախ և անաչառ դատարան կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը»: Նույն իրավունքն է ամրագրված նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով:

Ն. Ավետիսյանը, վաղեմության ժամկետների հետ կապած, կարևոր արձանագրում է արել՝ նկատելով, որ քրեական գործը դատարան է ստացվել 2018 թ.- ի փետրվարի 23-ին, ամիսներ անց՝ նոյեմբերի 7-ին տեղի ունեցել դատարանի կազմի փոփոխություն: Բացի այդ, նիստերը բազմիցս հետաձգվել են՝ պաշտպանության կողմի միջնորդությունների հիման վրա, ինչն էլ հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները լրանալուն։ Մինչդեռ ինքը՝ որպես տուժող, մշտապես բարեխիղճ է իրացրել իր դատավարական իրավունքները։

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ դատական ակտ կայացնելիս Դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ, որոնք էլ հանգեցրել են անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն՝ Ն. Ավետիսյանը խնդրել է Վերաքննիչ դատարանից ամբողջությամբ բեկանել դատական ակտն ու ընդունել նոր դատական ակտ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր