Վրաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով «ցանկացած ձևով նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության նվազմեցանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»: Վրաստանի ԱԳՆ-ը «մտահոգություն» է հայտնել Արցախի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ և հույս հայտնել, որ կողմերը զինադադարի շուրջ համաձայնության կգան, այլապես դա ծայրահեղ բացասական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը»,-գրել է Զուրաբիշվիլին թվիթերյան իր էջում:
|