Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 492.40, EUR 578.91, RUB 6.34, GBP 640.27
+5 °C, +4 °C ... +15 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման». Արայիկ Հարությունյան
19:05, 27.09.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ,

Այսօր առավոտյան թշնամին հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրեր, ավերելով քաղաքացիական հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ: Ցավոք, արձանագրվել են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաների շրջանում: Դատապարտելի և անթույլատրելի է խաղաղ բնակչությանը միտումնավոր թիրախավորելը, դպրոցները նշանակետի տակ վերցնելը։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Այս պայմաններում, ինչպես նաև համավարակի լարված իրավիճակում, յուրաքանչյուրիս պարտքն է խստագույնս հետևել կառավարության որոշումներով և այլ իրավական փաստաթղթերով սահմանած կանոններին, որ պետությունն ստիպված չլինի երկու ճակատով պայքարել հակառակորդի և համավարակի դեմ:

Ուստի, խնդրում եմ ցուցաբերել զգոնություն, պահպանել հակահամավարակային կանոնները, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, զերծ մնալ սադրիչ և ուսումնական գործընթացը խափանելուն ուղղված ցանկացած հայտարարությանը հետևելուց: Կրթության ոլորտի կազմակերպիչներին կոչ եմ անում խստագույնս հետևել այն կարգավորումներին, որոնք կհրապարակի լիազոր մարմինը, ոչ մի դեպքում թույլ չտալ ինքնագործունեություն:

Առաջիկա ժամերին անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ շրջաբերական գրությունները կուղարկվեն հաստատություններին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ համարելով անվտանգության պահպանումը, խորհրդակցելով տարածքային կառավարման մարմինների հետ՝ որոշվել է, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։ Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների: Վաղն առաջին դասերը կնվիրվեն ստեղծված պատերազմական իրավիճակին և անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական կանոնները ներկայացնելուն:

Մենք հաղթել ենք ու հաղթելու ենք նաև այս պատերազմում:

Մեր գործն արդար է, մեր հողում ապրելու ու արարելու մեր հաստատակամությունը՝ անկոտրում:

Կեցցե՛ Հայաստանը, Կեցցե՛ Արցախը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր