ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Սա ողջ հայության պատերազմն է». Հրանուշ Խառատյան
20:40, 27.09.2020 | mamul.am
2830 | 0

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմ է, և սա ողջ հայության պատերազմն է: Պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ առանց որևէ կասկածի Թուրքիայի հետ համաձայնեցրած և օգնությամբ, և սա հավաքական «թուրք»-ի պատերազմն է հավաքական հայության դեմ: Արցախը տվյալ դեպքում ընդամենը հավաքական հայության տվյալ պահի խորհրդանիշն է: Սա, ըստ էության, թուրք-հայկական պատերազմ է, որը տարբեր ձևերով շարունակվում է 112 տարի՝ առնվազն 1895-ից: Այս ավելի քան հարյուրամյա պատերազմը ժամանակ առ ժամանակ զսպվել և միաժամանակ խրախուսվել է «Անտանտի կողմից», «ցարական Ռուսաստանի կողմից», «բոլշևիկների կողմից», բայց հայ մարդկանց մտքերում և զգացմունքներում այն դադար չի ունեցել: Փոխվել են ձևերը՝ ֆիզիկականից դիվանագիտականի, գիտականի, հրապարակախոսականի, քաղաքական անձանց սպառնալիքների, քաղաքացիական բնակչության ճնշումների, ուծացումների, տեղահանությունների ևլն: Ծնվել և հասունեցել են նոր սերունդներ՝ նոր պատմական, քաղաքական, վերլուծական, փորձագիտական գիտելիքներով, իսկ վերջին երեսուն տարիներին՝ նաև պատերազմական փորձով:
Հիմա կրկին պատերազմ է և այն կրկին սպառնալիք է ողջ հայությանը՝ Արցախում, Հայաստանում, սփյուռքում և Թուրքիայում: Հայությունից պահանջվում է ողջ մտավոր, բարոյական, նյութական, ֆիզիկական կապիտալի մոբիլիզացիա: Սա մե՛ր՝ հայության դեմ մղվող պատերազմ է, բայց այս պատերամազմի հետևանքները շատերինն է թե՛ Կովկասում, թե՛ առնվազն Ասիայում և Եվրոպայում:
Այս պատերազմը նաև ԵԱՀԿ պարտությունն է Թուրքիայի և Ադրբեջանի առաջ:
Ներկա պահին մենք՝ ողջ հայությունը որևէ ավելի կարևոր խնդիր չունի, քան՝ մեզ պարտադրված պատերազմում հաղթելը: Բոլոր, բոլոր անհատական, խմբային, շերտային, կուսակցական կարևորությունները հետաձգվում են: Բոլորս միասին մի բանակ ենք՝ մի նպատակով, մի կամքով, մի հեռանկարով՝ հաղթել այս չափազանց երկարած, ագրեսիվ պատերազմում: Տվյալ պահին հայության ներսում իր կարևորությամբ այլ առաջնահերթ խնդիր չի կարող լինել: Մեզ միայն մեկ իրավունք է թողնված՝ հաղթել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր