ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ծնողներին և երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ
23:45, 28.09.2020 | mamul.am
3440 | 0

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Զանգվածային լրատվության միջոցների և հատկապես սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վեր է հանել ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից:

Գործում են մեծ թվով էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ սպանությունների ու ավերածությունների տեսարաններ ու կոչեր պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաև զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաև հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին:

Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի 27-ի և 28-ի մշտադիտարկումը վկայում է, որ նշված նյութերը տարածվում են Ֆեյսբուք, Թվիթեր, ՏիկՏոկ և սոցիալական այլ ցանցերով: Նշված նյութերով թիրախավորվում են հայ օգտատերեր, այդ թվում՝ անչափահասներ:

Ընդ որում, առավել ագրեսիվ նյութեր են տարածվում ՏիկՏոկ սոցիալական ցանցով՝ նպատակ ունենալով առաջացնել վախ ու տագնապ խաղաղ բնակչության շրջանում:

Մասնագետների հետ Մարդու իրավունքների պաշտպանի քննարկումները վկայում են, որ սոցիալական այդ ցանցն առավել վտանգավոր է, քանի որ դրանք վերահսկելը շատ հարցերում հնարավոր չէ:

Ուստի, ծնողներին և երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես ՏիկՏոկ սոցիալական ցանցից օգտվելը:

Մարդու իրավունքների պաշտպանն այս մշտադիտարկման փաստագրված արդյունքները կուղարկի միջազգային կառույցներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր