ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ
19:00, 01.10.2020 | mamul.am
6452 | 0

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը իր փաստահավաք առաքելության շրջանակներում տեղեկություններ է ստացել, որ հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ: Վիրավորներից ոմանք լրագրողներ են, երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ՝ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզը և Ալան Կավալը:

Պաշտպանը այցելել է վիրավոր լրագրողներին, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր և այժմ գտնվում է հրատապ վիրահատության ընթացքում:

Ճշտված տեղեկություններով՝ Ադրբեջանը դիտավորյալ ու հասցեական կերպով թիրախավորել է Մարտունի քաղաքի կենտրոնի քաղաքացիական օբյեկտները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով:

Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, ինչպես նաև լրագրողների թիրախավորումը և կոչ անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից կատարվող պատերազմական հանցագործություններին:

Պաշտպանը դիմում է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հրատապ այց կազմակերպել Արցախ՝ տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու և Արցախի ժողովրդի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու համար: Բավ է հանցավոր լռությամբ կամ քաղաքական անհիմն փաստարկներով խուսափել սեփական պատասխանատվությունից Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության հարցում:

Խիստ անընդունելի է, երբ միջազգային կազմակերպություններն աչք են փակում նման պատերազմական հանցագործությունների առջև՝ քողարկվելով քաղաքական անհիմն փաստարկների ետևում, առավել ևս, երբ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերով մարդու իրավունքները համընդհանուր են և կախված չեն որևէ տարածքի կարգավիճակից: Մարդու իրավունքները զիջման ենթակա չեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր