ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ
23:55, 01.10.2020 | mamul.am
5303 | 0

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանամերձ որոշ բնակավայրերի ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման։

«Հեռավար ուսուցման արդյունավետությունն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկել սահմանամերձ համայնքներում սովորողներին տեխնիկական սարքավորումներով և ինտերնետ կապով ապահովելու ուղղությամբ: Մարզպետարանների գույքագրած կարիքներին համապատասխան՝ սարքավորումներ են տրվել դրա կարիքն ունեցող սովորողներին։ Բջջային կապի օպերատորների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` սահմանամերձ համայնքների սովորողները կապահովվեն նաև անվճար ինտերնետ հասանելիությամբ։ Հեռավար ուսուցումը կազմակերպվում է դպրոցների կողմից՝ համաձայն հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի և ուսումնական պլանի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ապահովում է նաև իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը։ Երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` երեխաները ընդգրկվում են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կապահովվեն անհրաժեշտ դասագրքերով։

Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացն իրականացվում է սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների:

Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացն իրականացվում է համավարակի պայմաններում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի 24-Ն հրամանով սահմանված սանիտարական կանոնները։ Դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում դպրոցը ժամանակավորապես անցնում է հեռավար ուսուցման՝ դադարեցնելով առկա ուսուցման գործընթացը և վերադառնալով դրան դպրոցում գրանցված վարակի դեպքերում մեկուսացման և ինքնամեկուսացման ժամկետների ավարտից հետո։

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում կրթության ոլորտի կազմակերպիչներին ցուցաբերել զգոնություն, պահպանել հակահամավարակային կանոնները, խստագույնս հետևել պաշտոնական լրահոսին և լիազոր մարմնի ցուցումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր