ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դավիթ Շահնազարյանը խիստ վրդովված էր, որ Վազգեն Մանուկյանը հրաման է տվել մտնել Քելբաջար». Նարինե Մկրտչյան
03:05, 20.10.2020 | mamul.am
11874 | 1

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1993թ. գարնանը հայկական ուժերն ազատագրեցին Քելբաջարը՝ Քարվաճառը: Քելբաջարի ազատագրումը, որը, կարծեմ, մեկ շաբաթ տևեց, ռազմական բավականին բարդ և փայլուն գործողությունների ամբողջությունն էր: Քելբաջարը, ռազմական առումով, Վարդենիսի, Լաչինի միջանցքի և Մարտակերտի արևմտյան հատվածի դիրքային ամբողջական համակարգ էր: Վտանգված էր Լաչինի միջանցքը, Վարդենիսը, Մարտակերտը դեռ չէր ազատագրվել: Թշնամին չէր սպասում, որ հայկական ուժերը նման ռազմական անսպասելի և փայլուն օպերացիաներ կիրականացնեն:
Այդ օրերին ես Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում՝ Մելիք-Ադամյան հասցեում, որպես «Հայքի» թղթակից լուսաբանում էի խորհրդարանի աշխատանքները: ԳԽ նիստի ընդմիջմանը բուֆետ էի իջել, Արամի հետ էի զրուցում, երբ ներս մտան և մեզ միացան Դավիթ Շահնազարյանը՝ ՀՀՇ-ի ևս 2-3 պատգամավորների հետ: Դավիթ Շահնազարյանը նույնպես պատգամավոր էր և ՀՀ նախագահի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանը: Դավիթը խիստ վրդովված պատմում էր, որ իր՝ Թեհրանում գտնվելու օրերին Վազգեն Մանուկյանը հրաման է տվել մտնել Քելբաջար: Իրանն այդ ժամանակ խաղաղարար միջնորդական առաքելություն էր իրականացնում, և Դավիթը՝ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան էր այնտեղ մեկնել:
Անկեղծ ասած, ես այդպես էլ չիմացա, թե ՀՀ քաղաքական ղեկավարությունը Քելբաջարի ազատագրման հրաման տվե՞լ էր, թե՞ ոչ: Համենայն դեպս, Դավիթը խիստ վորդվված էր:
Ամեն դեպքում, պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը Քելբաջար մտնելու և այն ազատագրելու պատմական որոշում կայացրեց: (Պատմությունը չի հիշելու, թե ով է տվել Քելբաջարն ազատագրելու հրամանը, այլ հիշելու է, որ այն ազատագրվել է Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ):
Եվ այսօր Քելբաջարն արդեն Քարվաճառ է և Ղարաբաղի ազատագրված յոթ շրջաններից մեկը:
Նույն տարվա՝ 1993-ի օգոստոսին, Վազգեն Մանուկյանը պաշտոնանկ արվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, հետո քաղաքական հայացքները և աշխարհայացքը փոխեց, բայց Քարվաճառը մնաց:
Հայաստանում քաղաքական իշխանությունը փոխվեց, բայց Քարվաճառը մնաց:
Իշխանություններն անցողիկ են, հողը հավերժական է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր