ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Ո՞վ կհաղթի պատերազմում». Նաիրի Հոխիկյան
02:30, 20.10.2020 | mamul.am
9978 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ կհաղթի պատերազմում․
Պատերազմը ծանր կորուստներ ու երկաթե նյարդեր պահանջող երևույթ է։ Երբ մենք տեղեկանում ենք, որ հայկական զորքը նահանջել է մինչև կոնկրետ որևէ տարածք, դա ամենևին չի նշանակում պարտություն կամ անհաջողություն։ Ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարը կարող է նահանջի որոշում կայացնել մեծ թվով զոհերից խուսափելու համար։ Նույն տարածքը, սակայն, կարող է կարճ ժամանակ անց վերադարձվել։ Հաճախ այդպես էլ լինում է։
Արցախում ընթացող պատերազմը վերածվել է տևական մաշեցնող ռազմական գործողության, որտեղ հայկական բանակը կռվում է ադրբեջանական, թուրքական, ահաբեկչական զինված խմբավորումների դեմ։ Ինչպես մեր, այնպես էլ թշնամու ռեսուրսները և կամքը անսպառ չեն, այլ հարց է, թե որ կողմը կկարողանա ավելի երկար դիմանալ։ Արցախում իմ անցկացրած առաջին 12 օրը ցույց տվեց, որ մերոնք հերոսաբար դիմանում են (չհաշված 1-2 պատեհապաշտների, որոնք թիկունք վերադառնալով՝ հեքիաթներ են պատմում)։ Թշնամու կողմում դասալիքները անհամեմատ շատ են։
Ինչո՞ւ է թշնամին որոշ հաջողությունների հասնում Արցախի հարավում։
- Այդ տարածքը հիմնականում հարթավայրային է, ինչը թշնամու անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու հնարավորություն չի տալիս, հետևաբար մեր զորքը խոցելի է դառնում երկնքից։ Մաքրվում է երկինքը, հայկական բանակը արագ տեմպերով մաքրում է մեր տարածքները։
- Արցախի հարավում կուտակվում են մեծ թվով ահաբեկիչներ, որոնք սովոր են կռվել հարթ տարածքներում։ Նրանց հարյուրներով առաջ մղելով և դարձնելով թնդանոթի միս՝ Ադրբեջանի իշխանությունը հույս ունի լեռնային հատվածներում ջլատված տեսնել հայկական ուժերին։
Որպեսզի այս նպատակները իրականություն դառնան, թշնամին ակտիվորեն օգտագործում է սոցիալական ցանցերը և իր ԶԼՄ-ները՝ ներկայացնելով իբրև թե ինչքան արագ են իրենք գրավում հայկական բնակավայրերը։ Հաճախ զավեշտալի է դառնում, երբ դու ժամեր առաջ ես եղել տվյալ բնակավայրում, իսկ թշնամական քարոզչամեքենան տեսանյութ է տարածում, թե այդ բնակավայրն իր հսկողության տակ է։ Այդպիսի ապատեղեկատվության թիրախներից մեկն էլ հայ հանրությունն է, որպեսզի այն խուճապի մեջ ընկնի, սկսեն գլուխ բարձրացնել պարտվողական տրամադրությունները, կամավորները և զորակոչվածները դիմեն դասալքության՝ անիմաստ համարելով պայքարը։
Հիշեք, այս պատերազմը ոչ միայն զենքի, այլև տեղեկատվական ու հոգեբանական ուժի պատերազմ է։ Կկարողանա՞նք ադեկվատ արձագանքել հնարավոր կորուստներին և թշնամու քարոզչությանը, կհասնենք հաջողության։ Պատերազմում հաղթելու են կամքը և միասնականությունը՝ հանուն պետության, ոչ թե մասնավոր շահերի և ինքնահաստատման»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր