ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Եվրոխորհրդարանի հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար
18:15, 20.10.2020 | mamul.am
6311 | 0

Եվրոխորհրդարանի հույն պատգամավոր Եվա Քայիլին դիվանագիտական անձնագիր ունեցող ադրբեջանցիների շենգենյան վիզաները չեղարկելու և Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ հարցում է ուղարկել Եվրոմիություն։

Եվրոխորհրդարանի պատգամավորը նշել է, որ դա պետք է լինի Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից Արցախում հայերի իրավունքների ոտնահարման հետևանք, հաղորդել է Greek City Times-ը:
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել գնահատել ԵՄ անվտանգությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժելու փորձը և հակամարտության գոտուց դեպի ԵՄ անօրինական միգրացիոն հոսքերի ավելացման տեսանելի հնարավորությունը:
Նա Եվրոպական խորհրդարանի համար հանձնաժողովից պահանջել է ամբողջական զեկույց և տեղեկատվություն:
Քայիլին նաև կոչ է արել գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ՀՀ քաղաքացիների համար վիզաների վերացմանն ուղղված երկխոսություն սկսելով, քանի որ երկիրը գտնվում է Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակման սպառնալիքի տակ:
«Պարոն Ալիևն անարդար պատերազմ է մղում Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ՝ խախտելով 1994թ․-ի հրադադարի մասին համաձայնագիրը և անտեսելով միջազգային հանրության երկխոսության կոչերը։ ԵՄ-ն պետք է վճռականորեն ցույց տա, որ մեր հարևանությամբ նման բացահայտ ռազմական հարձակումները չեն կարող մնալ առանց գործնական հետևանքների», - ասել է Եվրոխորհրդարանի պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր