ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Քննարկվում է ներառական կրթության համակարգը նախադպրոցական կրթության մեջ ներդնելու պլանը և ժամանակացույցը
07:05, 21.10.2020 | mamul.am
3950 | 0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը:

Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը պետք է ներդրվի մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի։ Համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով նախագծով առաջարկվում է այն անցկացնել 2 փուլով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է՝ հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը:

Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը նախատեսվում է ներդնել 2021-2022 թթ.-ին, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում էլ՝ 2022-2023թթ.-ին:

Համաձայն նախագծի՝ 2021-2023թթ.-ի ընթացքում նախատեսվում է նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, դրա գործիքակազմի, անհրաժեշտ փաստաթղթերի և ձևաթղթերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում, երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում, ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում, համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում և այլն: Համակարգի ներդմանը նախորդելու է նախապատրաստական փուլ, որն իրականացնելու է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը:

Այսպիսով, կստեղծվեն նախադրյալներ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար. կընդլայնվեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ զարգացման հնարավորությունները:

Նշենք, որ ներկայում նախադպրոցական հաստատություն չհաճախող երեխաների շարքում շատ են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաները։ Գործող հաստատությունների ճնշող մեծամասնությունը ներառական չէ։ Կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է ծրագրային նպատակներից մեկը՝ ձգտելով, որ մինչև 2023 թ.-ը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասնի 70 տոկոսի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր