Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 508.12, EUR 604.82, RUB 6.72, GBP 678.90
+3 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ճակատում դրական բեկման ուրվագծեր են երևում». Հայկ Մարտիրոսյան
04:10, 21.10.2020

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բայրաքթարներ»-ի՝ միմյանց հաջորդող խոցումը նշանակում է, որ հայկական կողմում հակաօդային պաշտպանությունում իրավիճակային լուրջ և խիստ դրական բեկում կա: Կարելի է կռահել, թե դա ինչով է պայմանավորված:
Լավ լուրերը մի քանի ժամվա ընթացքում սկսեցին հաջորդել ծայրահեղ վատ լուրերին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ հայկական կողմում բեկում մտցնելու անհրաժեշտությունը դարձավ բացառիկ առաջնայնության գործոն:
Հաղթանակ դեռ արձանագրված չէ: Դրան կարող ենք հասնել ծանրագույն աշխատանքի արդյունքում: Բայց հաղթանակին մենք այլընտրանք չունենք:
Մտահոգիչ է սակայն հասարակական տարակարծություններով բացահայտվող մտածողական լուրջ տարբերությունները մի քանի ճամբարների միջև, որոնց մի մասում իսպառ բացակայում է միտքը, մյուսում առկա է վախ` մտավոր խոսք, բովանդակություն արտահայտելու հնարավոր հետևանքների հանդեպ:
Պատերազմները հաճախ տարբեր երկրներում հանգեցնում են բռնատիրությունների սահուն հաստատման: Բայց իշխանական բռնատիրությունից առավել սարսափելի է հոտային, հասարակական առանձին շերտերի կողմից հաստատվող ինտելեկտուալ բռնատիրությունը մտածող և արտահայտվող զանգվածի նկատմամբ: Մինչ ճակատում ճակատագիր են որոշում զինված ուժերը, թիկունքում պատերազմն ուղղորդում, քննարկում և իրականում հաղթանակի գաղափարը սատարում են մտածողները, մտավորականներն ու քննական խոսք հնչեցնողները: Հասարակական հոտային մոտեցումներ որդեգրող առանձին շերտեր, իրենց հերթին ճնշելով այդ շերտին պարտադրվող համընդհանուր լռությամբ, քաղաքական ֆոն են ստեղծում, որի պայմաններում ճակատի մտային սատարումը թիկունքի հանրությունկց դառնում է խիստ բարդ:
Այս պատերազմում մենք տրամադրությունների փոփոխությունների ենք ականատես լինում: Երեկվա անդառնալի թվացող կորուստները փոխակերպվում են այսօրվա վստահ ձեռքբերումների:
Բայց, ինչ էլ որ լինի, ճակատի անվեհեր մարտիկների սատարումը թիկունքում լինում է նաև լայնահոս և բաց տեղեկատվության և մշտապես քննարկվող, օրվա քաղաքական հոսանքներին երբեմն քննադատականորեն առնչվող հայացքների շրջանառությամբ:
Ժողովրդավարական, հայրենասեր և մտածող թիկունքն է, որ իր մտածող և ոչ ամբոխային խոսքով դառնում է պատերազմի մաս և հանրային հրամանատարության մասնակի դրական դեր ստանձնում:
Այսօր օրամուտի լուրերը ճակատից ուրախալի են: Վաղը կարող են և այդքան դրական չլինել: Մյուս օրը` դարձյալ դրական: Բայց, ինչ էլ լին, ճակատում դրական բեկման ուրվագծեր են երևում:
Թիկունքում նույնպես առողջացում և բոլորովին նոր հանրային հոգեբանական իրավիճակի հաստատումն այլևս անհրաժեշտություն է դառնում:
Ճակատը մեկն է և այն ձգվում է ամենուր` ուր հայ կա»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր