ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Մեր ու թշնամու ինքնության ընկալումներում մի քանի անհեթեթ միֆեր կան». Կարեն Անտաշյան
23:25, 25.10.2020 | mamul.am
5644 | 0

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր կոլեկտիվ գիտակցականի ու անգիտակցականի մեջ ինքներս մեր ու թշնամու ինքնության ընկալումներում մի քանի անհեթեթ միֆեր կան, որոնք մեզ համար անհիմն սպասումներ ու կանխատեսումներ են ծնել/ծնում, մի քանի օրինակ բերեմ՝
*Ադրբեջանցիները ոչխար են, այսինքն, անգիտակից, խոտակեր, անկամ, խեղճ հոտ են ու իրենց հաղթելը հեչ բան է։ Մեր ընկալումներում ադրբեջանցիների տոտեմը ոչխարն է, հակաքարոզչական մակարդակում սա կարող է թշնամուն նսեմացնելու ստորացնելու գործիք լինել, բայց մեր ընկալումներում էլ հանգեցնում է թշնամու անհարկի ուժազրկման։ Փաստն այն է, որ թշնամին քանակապես էականորեն գերակշռում է մեզ, մինչև ատամները զինված է և մեր հանդեպ ունի տիեզերական մասշտաբների ատելություն, որը, բացի մեր ֆիզիակական ոչնչացումը, ուրիշ հարաբերության տեղ չի թողնում ու իր ինքնագիտակցության մեջ իր տոտեմը ոչ թե ոչխարն է, այլ գայլը։ Այնպես որ, մեր հանդեպ ոչ թե ոչխարների հոտ է, այլ մարդկանց խումբ, որը համակարգված աշխատում է մեր չգոյության համար։ Ավելի լավ կլինի ոչխար ասելով մակերեսին չմնանք, խորանանք իրենց ստրատեգիաների, ռեսուրսների բաշխման, կառավարչական, լոգիստիկայի մեջ՝ իրական թուլություններ գտնելու համար։
*Քանի որ ադրբեջանցիները ոչխարների հոտ են, ուրեմն իրենց հավաքական կամքը միայն իրենց առաջնորդի՝ չոբանի որոշելով է ձևավորվում, եթե չոբանի հախից գանք, հոտը որևէ դերակատարություն չունի, ավելին, հոտը երազում է ազատվել բռնակալ Ալիևից, և եթե ժողովրդավարական ընտրությունների հնարավորություն լինի, իշխանության կգա խաղաղասեր ու կառուցողական մի առաջնորդ, որը կկարգավորի ամեն ինչ, մեզ հետ համաձայնության կգա ու մենք բոլորս կապրենք խաղաղ ու հաշտ։ Հերթական սխալ ընկալումը։ Ադրբեջանում բռնապետական իշխանություն է, որովհետև այդ ժողովրդի մեծամասնության ինքնության համար դա լրիվ բավարար է, ավելին, համապատասխանում է դրան, քաղաքացիական ցածր ինքնագիտակցությունը, կրթական ցածր ցենզը, խոսքի ազատության ցածր պահանաջարկը բնականորեն հանգեցրել են այդ համակարգի ամրապնդմանը, ժողովրդավարական իշխանություն ունենալու հավանականությունը խիստ ցածր է Ադրբեջանում։ Ալիևի կլանը կամ մեկ ուրիշ կլան, մեկ է, էական բան չեն փոխելու մեր հարաբերություններում։
*Սովետական միության օրոք մենք խաղաղ գոյակցել ենք, ուրեմն դա հիմա էլ է հնարավոր, եթե բռնապետական ռեժիմ չլինի Ադրբեջանում, հակահայկական քարոզչությունն էլ կնվազի, ու քանի որ բոլորը խաղաղութոյւն են ուզում, մենք փոխադարձաբար կգնանք փոխզիջման ու խաղաղություն կլինի։ Սա նույնպես կեղծ ակնկալիքներ սպասարկող մոտեցում է։ Սովետական միության փլուզումից հետո արդեն որերորդ սերունդն է մեծանում փոխադարձ ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտում, ու եթե Հայաստանում անգամ կան իրապես պացիֆիստական ինչ-որ մարգինել խմբակներ, ապա Ադրբեջանում անգամ դրա հնարավորությունը չկա։ Փոխարենը կա մառազմատիկ անտրամաբանականության հասնող հայատյացության քարոզ, Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը խորապես համոզված է, որ հային սպանելը ոչ միայն նորմալ է, այլ նաև անհրաժեշտ է, այլ ելք չկա իրենց գիտակցության մեջ։ Այնպես որ, պետք չէ սին հույսեր ունենալ, որ մենք հաշտվելու ենք առաջիկա տասնամյակում գոնե։ Իսկ այս պատերազմի վերքերը ևս մի տասնամյակ ավելացրեցին էդ սերնդափոխության թվին։ Ուրեմն պետք է պատրաստվել երկարաժամկետ ու ստատիկ հակամարտության, որը լավագույն դեպքում ռազմականից կարող է տրանսֆորմացվել դիվանագիտականի։
*Միջազգային մարդասիրական կազմակերպությունների և ժողովրդավարության բնօրրան հանդիսացող արևմտաեվրոպական երկրների խաղաղապահ առաքելության միֆի մասին էլ չասեմ, կարծեմ այն արդեն այն աստիճան է կոտրվել ու արժեզրկվել, որ չգիտեմ՝ էդ կազմակերպություններն ինչ ջանք պետք է դնեն, որ Հայաստանում իրենց ծրագրերին ու առաքելություններին հավատան, առնվազն մի հինգ տարի իրենց առջև բոլոր դռները փակ են լինելու։ Մենք հստակ տեսանք, թե ինչքան ձևական, արարողակարգային, կամընտրական ու երկակի ստանդարտներով է գործում միջազգային իրավունքը։
*Հայաստանն ունի ընկերներ և ունի թշնամիներ, մեր ընկերները մեզ կօգնեն, չեն թողնի, որ պատերազմ ու բռնություններ լինեն, չէ որ մենք ջերմ ենք վերաբերվում իրար և քաղաքակրթական նույն արժեքների ու հավատամքի տիրույթում ենք ապրում։ Սա երևի ամենացավոտ միֆն է։ Փաստն այն է, որ բոլոր սուբյեկտները զբաղված են միայն ու միայն և բացառապես սեփական շահերի, հետաքրքրությունների ու ռազմավարությունների սպասարկումով։ Մեր միջազգային հարաբերությունները պետք է սառնասրտորեն ու հաշվենկատորեն կառուցվեն ոչ թե սիրուն աչքերի, համակրանքի ու հակակրանքի, մշակութային նույնականության և այլ ֆիկտիվ բաների, այլ չոր, հաշվենկատ, շահերի սպասարկման ու հավասարակշռման սկզբունքով, որ հետո չսկսենք նեղանալ ինչ-որ մեկից և համարել դավաճան։ Հայաստանի տարածքներից դուրս ամեն ինչ ռեսուրս է ու պոտենցյալ կամ՝ ռիսկ և սպառնալիք։ Արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանն անգամ ռազմավարական դաշնակցի պատվավոր հաստիքում ու Թուրքիայի ակնհայտ պրովոկացիաների պայմաններում, մեկ է, հանդես է գալիս խիստ հավասարակշռված, անկողմնակալ, ոչ շիշը վառվի՝ ոչ խորովածը դիրքերից մեզ թողնում մեր մենակության զգացողության հետ։ Այդպես չպետք է լինի, մենք պետք է ունենանք հստակ ու կողմնորոշված դաշնակիցներ, որոնք կարող են իրենց թույլ տալ լինել կտրուկ և առարկայական։
*Մենք հինավուրց ու հզոր ազգ ենք, մենք աստծու պահածն ենք, մենք ամենախելոքն են, ամենասիրունն ենք, ամենաճիշտն ենք, ամենաբիթին ենք ու անկոտրումն ենք։ Ճիշտն ասած՝ հենց այդպես էլ կա: Ուղղակի լավ կլինի մեր ազգային սնապարծությունն ու մեծամտությունն ավելի շատ դառնա համակարգային գիտելիք ու կառավարչական իներցիա և ավելի քիչ մնա պաթետիկ ճոռոմաբանության ժանրում ու էդ դեպքում, հատատ, անշեղորեն՝ հաղթելու ենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր