ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Եկել է գերանդին վերցնելու և սեփական արտդ սեփական ձեռքերով հնձելու ժամանակը». Գոռ Աբրահամյան
04:10, 28.10.2020 | mamul.am
7921 | 0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմաստուն պապս մի առակ էր պատմում, որի իմաստը փորձել ու փորձում եմ դարձնել իմ կենսափիլիսոփայությունը և որը հատկապես այս օրերին հիշեցնել է տալիս իր խիստ արդիականությամբ:
Արտույտի ձագը թռչելով գալիս է ցորենի հասած դաշտում շինած իրենց բնում նստած մոր մոտ ու ասում.
-Մայրի՛կ, այս դաշտի տիրոջը տեսա, եկավ, նայեց երկար իր արտին ու ասաց, թե ցորենն արդեն հասել է, գնամ, վաղը կոմբայն բերեմ, արտը հնձեմ: Հավաքվենք գնանք էստեղից, մայրի՛կ, կոմբայնի տակ չընկնենք:
Արտույտը թե՝ հանգիստ եղիր, ձագս, ամեն ինչ նորմալ է, գնալու ժամանակը չէ:
Անցնում է երեք օր: Ձագը նորից թռչում գալիս է արտույտի մոտ.
-Մայրի՛կ, արտի տերը նորից էր եկել, նայեց իր դաշտին, ձեռքը ծոծրակին դրած ասաց՝ գնամ, հնձվոր տղերքին հավաքեմ, գանք միասին ցորենը հնձենք տանենք: Գնանք էստեղից, մայրի՛կ, գերանդու սրից չմեռնենք:
Արտույտը ժպտում է՝ հանգիստ եղիր ձագս, դեռ գնալու ժամը չէ:
Մի քանի օր անց, երբ նրանք իրենց բնում նստած են լինում, գյուղացին նորից է գալիս, նայում իր հասած, ծփացող արտին, հոգոց հանում ու ասում. «Գնամ, վաղը գերանդիս վերցնեմ, գամ արտս հնձեմ, արդեն շատ է ուշանում»:
Արտույտը նայում է իր ձագին ու ասում.
-Այ հիմա հավաքվիր, ձագուկս, հիմա գնալու ժամանակն է. եթե գյուղացու հույսն իր վրա է մնացել, ուրեմն վաղն անպայման հնձելու էւ:
Հիմա ասածս ինչ է: Արդեն մոտ մեկ ամիս շարունակ սրտատրոփ սպասում ենք, թե մեզ խաղաղություն բերելու համար ինչ են որոշելու այս աշխարհի մեծերը, գերտերությունները, ինչ է ասելու միջազգային հանրությունը ադրբեջանական գազանությունների վերաբերյալ, որքանով է հաղթելու մարդկության խիղճն ու ազնվությունը՝ մեր փրկությունը կապելով մերթ Ռուսաստանի, մերթ Ֆրանսիայի, մերթ ԱՄՆ-ի հետ, նեղանալով ու նեղսրտելով նրանցից:
Նույնիսկ դաս չէինք առել 20-րդ դարի ճիշտ այս տարիներին կատարվող ճակատագրական իրողություններից, դաս չէինք առել Արցախյան առաջին պատերազմից, երբ տասնյակի հասնող հրադադարները այս նույն կերպ խախտվում էին ու երբ քանի դեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 1993թ. չորս բանաձեր էր ընդունում, մեր նորաստեղծ բանակը դանդաղ, բայց համառ կերպով իր հաղթանակն էր կերտում ռազմի դաշտում:
Հիմա արտաքին աշխարհից այդ ի սկզբանե փուչ սպասելիքները մեր աչքի առջև փլուզվեցին: Հիմա եկել է գերանդին վերցնելու և սեփական արտդ սեփական ձեռքերով հնձելու ժամանակը: Ու այդ արտում գտնվող բոլոր արտույտները, սողուններն ու կրծողները հաստատ փախչելու են: Որովհետև սեփական խնդրի լուծումը սեփական ուժերին ապավինելու, ինչ-որ տեղ աշխարհի՝ սառը շահերի վրա կառուցված կոնյուկտուրան արհամարհելու գիտակցության եկած գյուղացու կամքի ու նպատակադրման առջև անհաղթահարելի ոչ մի ուժ չի կարող լինել:
Իսկ մեր հնձվորները հիմա էլ հնձում են ռազմադաշտում. անխոնջ, համառ, հերոսական անձնվիրաբար ու իրենց հունձքի բերքին հավատալով: Եվ եթե բոլորս մեր չափով ու մեր տեղում մեր բաժին գերանդին վերցնենք ու շարք կանգնենք մեր ընդհանուր արտում, ու գերանդին սահեցնենք հավասար ու համաչափ, ռիթմիկ ու դինամիկ, առանց առջևինի ոտքերը վնասելու դիտավորության, (խմբով խոտ հնձածները ինձ կհասկանան) անպայման, անտարակույս ու անվերապահ ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր