ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ես չեմ ուզում, որ 21-րդ դարում զոհվեն մեր երեխաները»․ ռուս քաղաքական գործիչ
15:15, 28.10.2020 | mamul.am
5682 | 0

«Կանանց երկխոսություն» միջազգային շարժման նախագահ Ելենա Սիմիրիկովան Հայաստանում է։ Ռուս քաղաքական գործիչը այստեղ է հայ և արցախցի մայրերի, պատգամավորների և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպելու նպատակով։ Շարժման նպատակն է կանխարգելել և դադարեցնել պատերազմները։ «Հայ և ադրբեջանցի մայրերը տառապում են իրենց երեխաների համար և մենք հասկանում ենք, որ այս կոնֆլիկտն արդեն տարածքների համար չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ելենա Սիմիրիկովան։
«Առանց արցունքների հնարավոր չէ․․․ Ամեն մեկն ունի իր ողբերգական պատմությունը․․․ Առաջնագծում զոհվում են 18 տարեկան երեխաներ»,- նշել է նա: Սիմիրիկովան արդեն հասցրել է հանդիպել իրեն դիմավորելու գնացած արցախցի մայրերին։ Դիտարկմանը, որ Ալիևը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, քաղաքական գործիչն ասել է, որ ինքը խոսում է հայ և ադրբեջանցի մայրերի անունից։
Ելենա Սիմիրիկովան նշել է, որ ինքը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելելու համար։ Նա այս տարիների ընթացքում արդեն երկու անգամ եղել է Արցախում։ Սիմիրիկովայի խոսքով՝ ինքը շատ լավ է հասկանում, թե ինչ են զգում մայրերը և պետք է վերջ տալ պատերազմին, և հարցը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ես չեմ ուզում, որ 21-րդ դարում զոհվեն մեր երեխաները»,- ասել է Սիմիրիկովան՝ չկարողանալով զսպել արցունքները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր