ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հորդորում ենք սոցիալական ցանցերում դրսևորել զգոնություն և զերծ մնալ առաջնա­գծին առնչվող տվյալներ տարածելուց. ԱԱԾ
11:45, 30.10.2020 | mamul.am
4968 | 0

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին: Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար:

Ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնա­գծին առնչվող տվյալներ տարածելուց: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր