ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիին
18:05, 30.10.2020 | mamul.am
3365 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին:

Վարչապետը ողջունել է պարոն Արաղչիին Երևանում: Զրույցի ընթացքում նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և իր ողջունները հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին, նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի բարեկամ կառավարությանը:

Իրանի ԱԳ փոխնախարարն իր հերթին վարչապետին է փոխանցել Իրանի նախագահի ջերմ ողջույններն ու խաղաղության բարեմաղթանքները: Ընդգծվել է Իրանի համար Հայաստանի հետ ամուր բարեկամական կապերի կարևորությունը: Նա ներկայացրել է Իրանի մոտեցումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ՝ խոր մտահոգություն արտահայտելով շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

Պարոն Արաղչին իր ցավակցությունն է հայտնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ և դատապարտելի համարել քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի թիրախավորումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների մասնակցության կապակցությամբ՝ դիտարկելով այն որպես ընդլայնման ներուժ պարունակող վտանգ, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված և կառուցողական մոտեցումը տարածաշրջանային խնդիրների նկատմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր