Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ադրբեջանը Արցախում՝ քաղաքացիական բնակավայրերին մոտ գտնվող անտառներում օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք: Քանի որ այս զինատեսակը շատ վտանգավոր տարրեր է պարունակում մարդու կյանքի համար, ուստի անհրաժեշտ է իմանալ սպիտակ ֆոսֆորի առաջացրած հետևանքները և առաջին բուժօգնության որոշակի կանոնները: Սպիտակ ֆոսֆորն արգելված զինատեսակ է: Այն ծայրաստիճան թունավոր նյութ է, որն ունի մի քանի տհաճ հատկություններ: Այրվելիս այն կպչում է ցանկացած մակերեսի: Այն ինքնաբերաբար բռնկվում է օդում և այրվում է հագուստի, մաշկի և վերքի մակերեսին: Այն այրվում է այնքան, քանի դեռ վտանգավոր նյութը չի հեռացվել մակերեսից կամ ամբողջությամբ չի այրվել: Սպիտակ ֆոսֆորը ներծծվում է արյան մեջ, որից հետո այն ազդում է երիկամների, լյարդի և շրջանառու համակարգի վրա: Մարդու համար մահացու չափաբաժինն ընդամենը 0,05 - 0,15 գրամ է: Վտանգավոր է ցույց տալ առաջին բուժօգնություն Անփորձ մարդը չի կարող օգնել վիրավորին, նման դեպքերում շատ մեծ է հավանականությունը, որ բուժօգնություն տվողն ինքն այրվածքներ կստանա այս թունավոր նյութից:
|