ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չեմ ուզում հավատալ, որ 10-12 միլիոնի մեջ 10-12 խելամիտ կառավարիչ չենք կարող գտնել». Վահան Թումասյան
09:50, 23.11.2020 | mamul.am
4433 | 1

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկել է ազգովի խելքներս գլուխներս հավաքելու ժամանակը

Հայերիս համար ճակատագրական ժամանակներ են։ Աստծո նվիրած և մեր հերոս հայորդիներից ժառանգած հայրենիքն ու պետությունը կանգնեցրել ենք լինել-չլինելու խնդրի առաջ։ 30 տարի շարունակ փորձում ենք պետություն կոչվածի նման մի բան կառուցել, ուր մի բուռ հայաստանցիների համար փոքրիշատե բարվոք ու անվտանգ պայմաններ լինեն։ Չի ստացվում, չենք կարող, ում ասես իշխանություն վստահեցինք, էլ ջահելին, էլ ահելին, կրթություն ունեցողին ու անկիրթին․․․ չի ստացվում։

Թշնամուն հաղթեցինք, հայրենիքից փախան, պարտվեցինք, էլի փախնում են․․․ լավ, ի վերջո, հայ մարդն ի՞նչ է ուզում կյանքից ու ճակատագրից։

Վաղուց պիտի հասկացած լինեինք, որ աշխարհն անարդար է, բոլոր պետություններն ու ազգերն իրենց շահերն են առաջ տանում, արդեն առնվազն 150 տարի հայերիս գլխին եկածը պետք է բավարար լիներ հասկանալու համար։

Հիմա էլ որևէ պետություն չի մնացել, որի հետ փոքրիշատե տանելի հարաբերություններ ունենանք, եղածն էլ քանդում ենք ու ոչինչ չենք շահում, թերևս բացի էդ ոչ ու փուչ բարոյական հաղթանակից։

Մեր մեջ թշնամի ման գալու համար՝ խելքներս գնում է, զոհի կարգավիճակով գոյություն քարշ տալու համար գժվում ենք։
Որքան գումար ծախսեցինք ցեղասպանությունը ճանաչելու, շքեղ գերեզմաններ ու մահարձաններ կառուցելու, ապուշ և անպտուղ տաշի-տուշիների վրա, միայն այդ գումարով նորմալ զենք ու բանակ կկարողանայինք ունենալ։ Քանի- քանի անպտուղ գործերի վրա, քանի- քանի միլիարդ ծախսեցինք։

Մեր ոտքը մեր վերմակի չափով չքցեցինք, մեծ-մեծ խոսացինք ու անգամ աշխարհում որոշեցինք դեմոկրատիա խաղալ, հարյուրավոր եկեղեցիներ կառուցելուց զատ, նույնիսկ մզկիթ նորոգեցինք, բայց մեր անտուն հայրենակիցներին մի կացարան չկամեցանք, աֆրիկաներում իրավունքների պաշտպաններին պարգևատրեցինք։ Բայց հիմա, նեղության պահին չերևացին պարգևատրվածները․․․
Հիմա արդեն կանգ առնելու և մտորելու ժամանակն է, պարտադրված ենք որոշում կայացնել, արդյոք մենք՝ հայերս, պետություն ուզում ենք ունենալ, թե ոչ, եթե չէ, ապա ազգի այս մի բուռ զրկանքեր կրողներին պարզ ասենք, ի վերջո, մատաղացու գառներ չեն, ասենք որ նրանք էլ գլխների ճարը տեսնեն, գնան ռուսի, վրացու, ամերիկացու, եվրոպացու կամ նույնիսկ թուրքի անձնագիր ստանան ու գոյությունները քարշ տան։

Իսկ եթե ուզում ենք, հայրենիք ու պետություն ունենալ, ապա այդ մասին պիտի ազգովի որոշում կայացնենք, այլևս հիմարին էլ պարզ է, որ Հայաստանում սթափ ու խելամիտ որոշում կայացնողների բավարար ռեսուրս չի մնացել․․․ չկա։ Արդեն համայն հայության որոշումն է պետք, այո՛, մի հավաք է անհրաժեշտ, որ վերջնական որոշում կայացնենք և եթե կորոշենք պահել հայրենիքն ու պետությունը, ապա պարզ խոսենք, ինչպես և ում վստահենք կառավարել այն կառուցելու գործը։ 30 տարին բավարար է հասկանալու համար, որ չունենք բավարար մարդկային ռեսուրս, նորմալ պետականության շինարարություն համար։ Այն հայը, ով ուզում է, որ Հայոց պետականությունը լինի, պիտի զրկանքներ կրի, վեր կենա մի քանի տարով գա Հայաստան, իր ընդունակություններն ու կարողությունները ներդնելու․․․ Հ․ Գ․ Չեմ ուզում հավատալ, որ 10-12 միլիոնի մեջ 10-12 խելամիտ կառավարիչ չենք կարող գտնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր