ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փաշինյանի համար եկել է վճռական քայլն անելու պահը». Վարդան Հարությունյան
17:50, 23.11.2020 | mamul.am
6603 | 3

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարուց ավել է՝ պարզ էր, որ հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը և իր թիմը հեղափոխականներ չեն։ Պարզ էր, որ նրանք հեղափոխությունը դիտարկել են միայն որպես իշխանության գալու հնարավորություն։ Բայց սրանից չի հետևում, թե հեղափոխությունն էր վատը։ Հեղափոխությունը պետք է լիներ, այն հասունացել էր, չլինել չէր կարող։ Մենք պետք է շարունակենք գնահատել այդ հեղափոխությունը։ Պետք է հրաժարվել ոչ թե հեղափոխությունից, այլ հեղափոխության ալիքին հեծածներից, որոնք վաղուց են իրենց հեղափոխության օրակարգից դուրս դրել։

Ինչ ունեցել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ՝ վստահություն չվայելող արդարադատություն, ուռճացված ու քաղաքացու դեմ աշխատող ուժային կառույցներ, սուպերվարչապետական կոստյում և այլն շարունակեցին մնալ։ Սրանց գումարվեցին նոր արատներ՝ արցախյան բանակցություններից հրաժարում, պատերազմի՝ շոշափելիության աստիճան ակնհայտ վտանգը տեսնելու ու գնահատելու անկարողություն, արկածախնդրություն, իշխանության ու պետության մասին ճիշտ պատկերացումների բացակայություն, ճչացող նիհիլիզմ, սանձարձակ մեծամտութուն, հների վերադարձով մարդկանց սարսափեցնելու և այդ ճանապարհով սեփական իշխանությունը ամրապնդելու պարզունակ հնարք (շարունակելի)։

Մարդիկ սպասում էին հաջորդ հերթական ընտրություններին, որ գնան և արդեն առանց հեղափոխական զգացմունքայնության՝ սառը դատողությամբ քվեարկեն։ Շատ չէր մնացել, բայց պատերազմը խառնեց բոլոր հաշիվները։ Այլևս նոր իրողություն է։ Այս իրողությունում Փաշինյանը և իր թիմը անելիք չունեն։ Նոր դեմքեր են պետք, որոնք կկարողանան նոր քայլերով նոր ելքեր գտնել։ Նոր մարդիկ, որոնք մեզ նորովի կներկայացնեն աշխարհին։

Եթե ակտիվ քաղաքացիների մեծ զանգվածներ, հների հետ չասոցացվելու ցանկությունից դրդված, չեն միանում 17 կուսակցություններին և հրապարակից չեն վանկարկում «Նիկո՛լ, հեռացիր», չի նշանակում, թե նրանք դեմ են նրա հեռանալուն։

Փաշինյանի համար եկել է վճռական քայլն անելու պահը։ Այն պատասխանատու քայլը, որի մասին այդքան հաճախ ու այդքան բարձր խոսում էր ինքը։ Բոլորս ենք այսօր սպասում այդ միակ ճիշտ քայլին՝ իր կամավոր ու անցնցում հրաժարականին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր