ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես գիտեք գյուղական բնակավայրում ուսուցման որակի բարձրացման և ուսուցիչների պակասի խնդիրը լուծելու նպատակով շրջանառության մեջ եմ դրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը: Սրանով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով եկամտային հարկը 2021-ի հունվարի 1-ից պետք է հաշվարկվեր 10 տոկոս դրույքաչափով: Սա որոշակի չափով կավելացներ սահմանամերձ բնակավայրում աշխատող ուսուցիչների եկամուտները... Ստեղծված իրավիճակն ստիպում է ժամանակավորապես հետաձգել նախագիծս... Դա կապված է սահմանամերձ բնակավայրերի ավելացման, հետպատերազմական շրջանում նաև այլ խնդիրների հետ... Ուզում եմ տեղեկացնել, որ կրթական խնդիրները մնում են իմ ուշադրության կենտրոնում, որովհետև համոզված եմ, որ կրթությունն է բոլոր ոլորտների աճի բազիսը... Եթե մենք ունենանք որակյալ դպրոց, բուհ, կունենանք և՛ գերազանց պաշպանություն, և՛ լավ ու գործուն նախարարներ, և՛ լավ ու աշխատող պատգամավորներ, և՛ լավ ու հաղթող կառավարություն...»: |