Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.53, EUR 634.35, RUB 7.13, GBP 712.78
0 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ». Սուրեն Պապիկյան
14:30, 26.11.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության նիստին՝ ներկայացնելով 10 մլն դոլարի չափով ներդրումային ծրագիրը, հայտնեց, որ նախատեսվում է Կոմիտասի պողոտայում կառուցել վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ: Պապիկյանը նշեց, որ այս ծրագիրը ներկայացրել է «Հայկ 88» ՍՊԸ-ն՝ կառավարությունից խնդրելով կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրել:

««Հայկ 88» ՍՊԸ-ն հանդիսանում է Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում 2774 քմ մակերեսով շինության սեփականատեր և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալ: Ծրագրով նախատեսում է ապամոնտաժել ընկերության սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով»,- ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում կառուցվելիք այգին:

Ծրագրով նախատեսված ներդրումները կկազմեն 10 մլն դոլար: Այգու բարեկարգման և վերակառուցման համար կներդրվի մոտ 1 մլն դոլար, որն ուղղվելու է ամֆիթատրոնի, շատրվան-ջրավազանների կառուցմանը, կաթիլային ոռոգման ապահովմանը, լուսավորությանը և այլ աշխատանքների իրականացմանը:

«Նշեմ նաև, որ ներկա պահին այդ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում և այստեղ ներդրումների կարիք կա»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր