ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ
16:00, 26.11.2020 | mamul.am
2564 | 0

Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը շնորհավորել է Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ:

ԱԳ նախարար Այվազյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար։ Անդրադարձ է կատարվել ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանն այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծել է միջազգային կառույցների և նախևառաջ ՄԱԿ համապատասխան մարմինների տեղում ներգրավվածության կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը և վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։

Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր